Նորվեգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է

Նորվեգիայում վիճակագրական տվյալների համաձայն ներկայում ապրում է մոտ 2000 հայ: Հայերի մեծամասնությունը բնակվում է Օսլոյում և մայրաքաղաքի շրջաններում, մյուս ծանրակշիռ մասը՝ Նորվեգիայի հարավային հատվածում: Հայերի մի փոքր խումբ էլ ապրում է Նորվեգիայի հյուսիսային շրջանում:

Նորվեգիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի արտաքին կապերի ղեկավար, «Բրաունելզ» (Brownells) կազմակերպության ֆինանսական գծով տնօրեն Նարինե Հ. Հարությունյանը Նորվեգիայի հայ համայնքը պայմանականորեն բաժանում է 2 մասի՝ Հայկական մշակութային համայնք և Հայկական առաքելական եկեղեցական համայնք: Մշակութային համայնքը ձևավորվել է 1989 թվականին, լիբանանահայերի և պարսկահայերի կողմից, իսկ եկեղեցական համայնքը ձևավորվել է ավելի ուշ` 2012 թվականին: Այն ստեղծվել է Հայաստանից գնացած հայերի նախաձեռնությամբ:

Հայերի առաջին հոսքը Նորվեգիա սկսվել է 1970 թվականին Իրանից, Միջին Արևելքից և Հայաստանից: Վերջին 20 տարիների ընթացքում ներգաղթյալների ծանրակշիռ մասը հենց Հայաստանից է, քիչ չեն նաև Սիրիայից եկած հայերը:

«Ինչպես բազմիցս նշվել է, հայերը քրտնաջան աշխատող են: Դա նաև նկատվում է Նորվեգիայի հայերի շրջանում: Նորվեգիայի հայերն իրենց գործունեությունը ծավալում են տարբեր ոլորտներում: Օրինակ, բժշկություն, տնտեսագիտություն, երաժշտություն, բարձր տեխնոլոգիա, փայտամշակում, շինարարություն, արվեստի ոլորտ և այլն: Կարող եմ հավաստիացնել, որ բոլորը շատ բարձրակարգ մասնագետներ են իրենց գործում: Տարբեր ոլորտներում նշանավոր հայ գործիչներ կան, բայց չէի ցանկանա ինչ-որ մեկին առանձնացնել: Միայն կարող եմ ասել, որ ամեն նորվեգահայ, անկախ ամեն ինչից, թե որտեղ է աշխատում, առաջնահերթ ներկայանում է, որ նա ծագումով աշխարհում պետականորեն քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրից է: Եվ նաև առիթը բաց չենք թողնում պատմելու դարավոր պատմության մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նարինե Հ. Հարությունյանը:

Անդրադառնալով լեզվի պահպանությանը` Նարինե Հ. Հարությունյանը նշեց, որ այն հայ համայնքի ամենացավալի խնդիրներից մեկն է: Նորվեգիայում ապրող հայերը թվով քիչ են և սփռված են ամբողջ երկրով, հետևաբար դժվար է հիմնել հայկական դպրոց: Փորձ է արվել կազմակերպել հայոց լեզվի դասընթացներ, սակայն հաջողություն չի ունեցել:

«Եվ այսօրվա դրությամբ հայոց լեզվի պահպանությունը դարձել է ամեն հայ ընտանիքի խնդիրը, որպեսզի հայոց լեզվի իմացությունը փոխանցենք մեր երեխաներին: Չեմ կարող խոսել բոլոր նորվեգահայերի անունից, բայց կարող եմ իմ օրինակով ասել, որ երեխաներս շատ լավ խոսում և հասկանում են իրենց մայրենի լեզուն: Փորձում եմ ամեն տարի նրանց բերել Հայաստան, որպեսզի տեսնեն իրենց հայրենիքը, շփվեն հասակակիցների հետ»,-ասաց Նարինե Հ. Հարությունյանը` նշելով, որ կա մեծ ցանկություն Նորվեգիայում կազմակերպելու հայոց լեզվի դասեր և հիմնելու հայկական պարերի խմբակ:

Խոսելով երկու երկրների զբոսաշրջային հոսքերի, նորվեգացիների շրջանում Հայաստանի ճանաչելիության մասին, Նարինե Հ. Հարությունյանը նշեց, որ ընդամենը երկու փոքր տուրիստական կազմակերպություններ են առաջարկում տուր փաթեթներ դեպի Հայաստան:

«Հիմնականում հայերս ենք ավելի շատ ոգեշնչում եվրոպացի ընկերներին, որ մեկնեն Հայաստան: Իմ հարսանիքին, որն անցկացվում էր Հայաստանում, հյուրեր ունեինք Նորվեգիայից: Հարսանիքի հաջորդ օրվանից մենք սկսեցինք մեր ճամփորդությունները Հայաստանով մեկ՝ Էջմիածին, Զվարթնոց, Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Սևան, Սևանավանք, իհարկե, երեկոները վայելեցինք Երևանում: Վերադառնալով Նորվեգիա՝ իրենք շատ հիացմունքով էին պատմում Հայաստանի մասին: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ նորվեգացիների շրջանում Հայաստան ընտրողները քիչ են»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերին, Նարինե Հ. Հարությունյանը նշեց, որ Արցախի հետ կապված Նորվեգիայում կենտրոնացումը քիչ է: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ապա, նրա խոսքով, թե եկեղեցական, թե մշակութային համայնքները տարբեր առիթներով բարձրացնում են այն: Նարինե Հ. Հարությունյանը նկատեց, որ Նորվեգիայում հանրությունը շատ քիչ է տեղեկացված Հայոց ցեղասպանության հարցի մասին: Անգամ դասագրքերում, որտեղ գրված է առաջին համաշխարհային պատերազմի մասին, ցեղասպանության մասին ոչ մի խոսք չի նշվում:

«Մենք՝ հայերս, ամեն կերպ փորձում ենք պատմել դա մեր նորվեգացի գործընկերներին: Փորձ կատարել ենք Հայոց ցեղասպանության հարցը համապատասխան ատյաններում բարձրացնելու, սակայն հաջողություն չունեցավ թուրքական դեսպանության միջամտության պատճառով: Ուզում եմ նշել, որ Նորվեգիայի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ներքին կարգով միակ կուսակցությունն է, որ ընդունել է ցեղասպանությունը: Եվ գիտենք այն, որ եթե կարողանանք հարցը բարձրացնել խորհրդարանում, ապա այնտեղ ունենք աջակիցներ»,-ասաց նա: Նարինե Հ. Հարությունյանը հիշեցրեց, որ Կրագերոն Նորվեգիայի առաջին համայնքն է, որը պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը՝ շնորհիվ Բոդիլ-Կատարինա Բյորնի:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են Ֆրիտյոֆ Նանսենի և Բոդիլ-Կատարինա Բյորնի հուշաքարերին, ծաղիկներ են խոնարհում 1.5 մլն զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացվեց ջահերով երթ, եղան ելույթներ տեղի լրատվամիջոցներով, անցկացվեց պատարագ, ներկա էին քաղաքական բարձրաստիճան գործիչներ, հոգևորականներ, ինչպես նաև Օսլոյի սրբազանը: Նա այդ հարցում հայ համայնքին միշտ սատար է կանգնել և անգամ իր ուղերձում գրել է, որ 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն են: Նարինե Հ. Հարությունյանն ընդգծեց, որ Նորվեգիայի Թագավորության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է:

Աննա Գզիրյան

armenpress.am

Տպել Տպել