Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի…

Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի…

Հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրվածպարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով:

Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է:

Բեկոր

Կենսագրությունը

Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում: Երիտասարդ տարիներին Բեկորը աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ: Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5-ից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա): Ամուսնացել է 1985թ.: Ունեցել է երեք որդի:բեկօր

Արցախյան պատերազմ

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն… Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել:

Շուշիի ազատագրումը

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը:

Բեկորի մահը

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար:

Բեկորի հիշատակին

1993 թ. Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: 2002 թ. արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի: Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։ Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։

Բեկորի խոսքերից

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»: Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:


Ես մի զարկն եմ քո կռվի…

Հերոսները չեն մեռնում. նրանք ապրում են մեր հոգիներում: Տարիները չեն կարող մոռացնել տալ այն հուշերը, որ արմատավորվում է մեր սրտերում: Որպես ազգասիրություն ուսանելու պայծառ օրինակ` դեռեւս շատ կկերտվի հերոսների ամբողջական դիմանկարը եւ կփոխանցվի սերունդներին:

Օգոստոսի 24-ին Աշոտ Ղուլյանի (Բեկոր) մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ նրա հուշաքարի ներքո Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի կողմից կազմակերպվեց միջոցառում:

Աշոտ Ղուլյան հերոսի, մարդ հրամանատարի հիշատակը հարգելու էին եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը, անդամները, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները, ՊԲ սպաներ եւ հրամանատարներ, Բեկորի մարտական ընկերներն ու բարեկամ-հարազատները: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր, որոնց թվում «Ասկոլկա» բանաստեղծությունը` նվիրված հերոսին, որը պատմում է հողի եւ ազատության համար մարտիրոսված մարտիկի կյանքը:

Աշոտ Ղուլյան, Բեկոր, Դաշնակցական մարտիկ, որ Ղարաբաղյան շարժման սկզբից ընդունվեց ՀՅԴ շարքերը եւ իր ողջ էությամբ, գործելաոճով, մտածելակերպով, հոգով ու կարգապահությամբ արտահայտեց իսկական դաշնակցականի բնական կեցվածքը: Նրա մարտական ընկերների վկայությամբ` բոլոր մարտերի ժամանակ առաջինն ինքն էր նետվում ռազմադաշտ եւ վերջինը դուրս գալիս: Նա հաղթող է դուրս եկել բոլոր մարտերից: Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման սկզբից մինչեւ չարաբաստիկ օգոստոսի 24-ը Բեկորը միայն հաղթանակներ էր տարել:

Գաղափարի ու զենքի իր ընկերների հետ նահատակվելով դիրքերում` Բեկորը թողեց անկատար տենչեր: Նա հրաժեշտ տվեց կյանքին` նորածին որդուն չտեսնելով, որին հոր պատվին կնքեցին Բեկոր անունով: Նրա թաղման օրն անգամ մայր բնությունն էր ողբում: Միջոցառման օրը պատահաբար լսեցի, թե ինչպես Բեկորի բարեկամուհիներից մեկը պատմում էր նրա թաղման օրը տեղի ունեցածը: Նրա խոսքերով` օգոստոսյան տոթ օր էր,երբ Բեկորի աճյունը հանձնում էին հողին: Երբ հուղարկավորությունն ավարտվեց, կիզիչ արեւը փոխարինվեց կատաղի տարափով. «Մի անհասկանալի եւ տարօրինակ իրավիճակ. բնությունն ասես խելագարվել էր, միանգամից իրար էին խառնվել անձրեւ, փոթորիկ եւ քամու ուժեղ սուլոցներ: Բնությունն ասես ակնհայտորեն ժխտում էր մեր սիրելի Աշոտի մահվան փաստը»,- ասում էր նա:

Շատերն են վկայում այն մասին, որ Բեկորը երբեք ամպագոռգոռ բառեր չէր ասում հայրենասիրության մասին. նա այսպես էր մեկնաբանում այն. «Այդ հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ` քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով»:

Հավերժ փառք այն բոլոր խոնարհ հերոսներին, որոնք իրենց արյունով կերտեցին մեր լուսավոր ապագան:

Ռուզան ԱՎԱԳՅԱՆ
«ԱՊԱՌԱԺ» 25-31 օգոստոս 2007թ.


Անպարտելի Բեկորը

«Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոս, առաջին վաշտի հրամանատար Բեկորը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:

Այս համոզմունքով է պատերազմի տարիներին առաջնորդվել Բեկոր անունը ստացած Աշոտ Ղուլյանը, որին ճանաչում է արցախյան պատերազմի գոնե մեկ դրվագի ծանոթ յուրաքանչյուր մարդ: Ճակատագիրը նրա վրա բազում պարտականություններ էր դրել, որոնք նա բարեխղճորեն կատարեց իր կարճատեւ կյանքի` 33 տարիների ընթացքում: «Դժվարություններով ու հոգսերով լի էր Աշոտի կյանքը»,-ասում է այրին` Նելլի Ղուլյանը, ու մեկ առ մեկ հիշում Աշոտի հետ ապրած 7 տարիների բոլոր պահերը:

BekorAshot-psak1985-ին են ամուսնացել Աշոտն ու Նելլին, որոնց ընտանիքները մինչ այդ տարիներ շարունակ ընկերություն էին անում: Մեկ տարի անց ծնվեց նրանց առաջնեկը` Արթուրը, իսկ 1989-ին` Հմայակը: Ցավոք, երրորդ որդուն Աշոտը չհասցրեց տեսնել: Նա ծնվեց 1993-ին` Աշոտի զոհվելուց հետո: Նրան մայրը կոչեց հոր մարտական անունով` Բեկոր: Փոքրիկ Բեկորը հերոս հորը ճանաչում է մոր, հարազատների, բարեկամների եւ ընկերների պատմածով միայն: Նա, ի տարբերություն ավագ եղբայրների, հնարավորություն չի ունեցել շփվել, գորգի վրա «կռիվ տալ» հոր հետ, ամեն մարտից առաջ «հաջող» ասել հորը:

«Երեխաներին շատ էր սիրում: Ամեն անգամ, երբ մի մարտից մյուսն էր գնում, տուն էր գալիս կարճ ժամանակով եւ, հանգստանալու փոխարեն, երեխաների հետ հատակին մեկնված` գորգի վրա խաղում էր, կատակում, ուրախանում: Մարտից առաջ միշտ մտնում էր տուն, որ երեխաները հաջող ասեն»,- հիշում է Նելլին, ու աչքերն իսկույն արցունքոտվում են:

«Խոջալուի ազատագրումից մի քանի օր հետո երկու օրով տուն գնաց: Երբ տնից եկավ, պատմում էր, թե երեխաների հետ ինչ խաղեր են արել: Պատմում էր ու երեխայի նման ծիծաղում` անկեղծ ու վարակիչ ծիծաղով: Երեխաները նրա Աստվածն էին, եւ նրանց յուրաքանչյուր արտահայտություն Աշոտի համար խորհրդավոր իմաստ ուներ: Ժամանակի սղության պատճառով այնքան հազվագյուտ էր շփվում երեխաների հետ, որ նրանց ամենասովորական իսկ արտահայտությունը նրան գյուտ էր թվում»,- գրում է մարտական ընկեր Արմեն Դանիելյանը Բեկորի մասին իր գրքում:

Կինն ասում է, որ Արցախյան շարժումն իրենց ընտանիքի համար սկսվել էր դեռեւս 1987-ին, երբ սկսվեց գաղտնի ստորագրահավաքը, որի ակտիվ մասնակիցներից էր նաեւ Աշոտ Ղուլյանը: Այնուհետեւ սկսվեցին ցույցերը, սակայն Աշոտը, ինչպես կինն է պատմում, միշտ ասում էր, որ ցույցերով հարցը չի լուծվի: Այդ օրվանից նա սկսեց մտածել զենք ձեռք բերելու մասին:

Բարձրագույն կրթություն չունեցող, երիտասարդ տարիներին դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ աշխատած Աշոտը ընկերների աջակցությամբ սկսում է ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգ հրացաններ պատրաստել: Նրա ստեղծած առաջին զենքը 16 գծանի կարճափող հրացանն էր: «Քանի~-քանի~ անգամ է նա այդ ինքնաշեն զենքերի փորձարկման ժամանակ վիրավորվել: Մեր երկրորդ երեխայի ծնվելու օրը նա կրկին վիրավոր պառկած էր Եղվարդի հիվանդանոցում: Երբ լուրը լսեց, եկավ Ղարաբաղ` ձեռքն ու կոկորդը կապած»,-պատմում է կինը: Ամեն անգամ վիրավորվելիս մինչեւ վերջ չի մնացել հիվանդանոցում, մի քիչ ապաքինվելուց հետո շտապել է մարտական ընկերների մոտ:

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն…

Արմեն Դանիելյանն ասում է, որ նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ Աշոտը շատ հոգատար էր վաշտի բոլոր տղաների նկատմամբ, նույնիսկ նոր միացած տղաներին չէր ուզում մարտի տանել` ասելով. «Ռիսկ չեմ անում նրանց կյանքն էլ վտանգել»:

«Ամեն անգամ մարտի դաշտ գնալուց առաջ Աշոտը հավաքում էր տղաներին, բացատրում անելիքը: Եվ երբ գնում էր մարտի, բոլորը հավատում էին, որ Բեկորը հաղթանակով է վերադառնալու, Բեկորը բոլորի համար անպարտելի էր: Ես չեմ հիշում մի դեպք, որ նա որեւէ հանձնարարություն ստացած լիներ ու առանց մինչեւ վերջ կատարելու վերադառնար»,- նշում է մարտական ընկերը:

Իսկ մարտերի գագաթնակետը, ինչպես ասում է Աշոտի կինը, Շուշիի ազատագրումն էր. «Նա դեռեւս շարժման սկզբից, մարտական գործողությունները չսկսված, երբ կանխազգում էր պատերազմի անխուսափելիությունը, միշտ խոսում էր Շուշին ազատագրելու անհրաժեշտության մասին: Ու այդ մասին շատ հանգիստ ու համոզված էր խոսում»:

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, եւ հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչեւ մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացել էր Բեկորը:

Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռեւս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5-ից 4-ի անունը Աշոտ էր եւ, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր:

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար… Գնդակն այս անգամ մահացու էր:

«Աշոտը շատ էր սիրում ճամփորդել, աշխարհ տեսնել, ծով…Հենց նույն տարվա օգոստոս ամսին նախատեսված էր նրա այցը արտասահման, որտեղ պետք է այցելեր արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, ուսումնասիրեր այդ երկրների ռազմական փորձը, նրանց կարողություններն ու հնարավորությունները` Ղարաբաղյան պատերազմում ներգրավման համար: Սակայն, այս անգամ գնդակը խլեց նրա կյանքը»,- արցունքոտ աչքերով պատմում է Նելլին:

Հոր` ճամփորդության հանդեպ սերը փոխանցվել է Հմայակին, ով ներկայումս սովորում է Հունաստանի Սալոնիկ քաղաքի ռազմաբժշկական ակադեմիայում: Բեկորի ավագ որդին` Արթուրը, ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ այժմ ծառայում է Ղարաբաղի պաշտպանության բանակում: Կրտսեր որդին` Բեկորը, փոխադրվել է 10-րդ դասարան: Նա էլ ուզում է շինարար դառնալ:

Արցախի հերոսի որդիները եւ կինը մի նպատակ էլ ունեն, որի մասին, ինչպես կինն է հավաստիացնում, բարձրաձայնում է առաջին անգամ. Շուշիում Բեկորի անունը կրող փողոցում նրա ընտանիքը մի հողամաս է վերցրել, որտեղ նպատակ ունեն թանգարան կառուցել` Բեկորի եւ նրա վաշտի տղաների մարտական ուղու մասին նյութերը պահպանելու համար: Աշոտի կինը հուսով է, որ այդ գործում աջակցություն կգտնի: Իսկ հետագայում նա նպատակ ունի ամուսնու զոհված վայրում եկեղեցի կառուցել:

Նելլին վստահ է, որ եթե ինքը չհասցնի բոլոր նպատակներն իրագործել, որդիները կանեն: «Թանգարանի հարցը չպետք է շատ ուշացնել, քանի դեռ վաշտի տղաները կան, եւ հիշողությունները դեռ թարմ են»,- ասում է Նելլին:

Տարիներ առաջ մարտերի միջեւ դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:

ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՀԵՏՔ» 30 հունիսի 2008թ.


Բեկորի հուղարկավորության ժամանակ

Խոնարհ Հերոսներ – Աշոտ Ղուլյան – Մաս 1

Խոնարհ Հերոսներ – Աշոտ Ղուլյան – Մաս 2

Խոնարհ Հերոսներ – Աշոտ Ղուլյան – Մաս 3

Աշոտ Ղուլյան

Տպել Տպել