Ջերմուկը որպես հանգստավայր ու առողջարանային քաղաք համապատասխանելու է միջազգային չափանիշներին

Ջերմուկը որպես հանգստավայր, առողջարանային քաղաք և տարածաշրջանի համար բևեռային աճի կենտրոն՝ համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին: Այդ մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ջերմուկում շրջայցից հետո:

«Դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 12-ին մենք Ջերմուկում Նախագահի գլխավորությամբ ունեցանք խորհրդակցություն, որտեղ հանձնարարականներ տրվեց հստակեցնելու ծրագրերը, նախապատրաստելու ծրագրային փաթեթները և 2017-ի ընթացքում սկսելու այդ աշխատանքները՝ վերջնաժամկետ սահմանելով 2018-ի ավարտը: Դեռևս ապրիլից սկսվել են նախագծային աշխատանքները, արդեն ներկայացվեցին առաջին շինարարական աշխատանքները: Մենք Ջերմուկի համար ունենք շուրջ 25 ծրագիր ու դեռևս սկսել ենք 4-ը, սակայն բոլորի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն կան, ծրագրային բաժիններով դրանք հատկացված են յուրաքանչյուր ծրագրի համար»,- ասել է Լոքյանը

Նրա խոսքով, հանրապետության Նախագահից ստացել են նոր հանձնարարականներ՝ ամբողջացնելու Ջերմուկի ծրագիրը, այն փոքր և մեծ բացթողումները, որ կան քաղաքի ընդհանուր տիրույթում, լրացնել և ունենալ մեկ ամբողջական կառուցապատված համակարգ: «Այս քաղաքի համար հանրապետության Նախագահից ստացանք հանձնարարական՝ երկրորդային քաղաքների զարգացման ծրագրով լրացուցիչ հատկացումներ նախատեսել և ամբողջապես ավարտել աշխատանքները: Ջերմուկում ունենք ֆունիկուլյորի կառուցման մեկ միջազգային ծրագիր, որը պետք է իջնի կիրճ՝ հանգստացնողներին, բնակիչներին շրջելու համար հեշտ ու օպտիմալ պայմաններ առաջարկելով: Առաջիկայում Շվեյցարիայից և Ավստրիայից հրավիրելու ենք մասնագետների, որոնք կտան այդ նախագիծը ու հաջորդ տարեվերջին կավարտենք նաև այդ ծրագիրը»,- ասել է նախարարը:

Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում, դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը:

armenpress.am

Տպել Տպել