Մենք սեփական ուժերով կարող ենք խաղաղություն պահպանել

Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու վերաբերյալ, ասաց, որ ռուսական կողմը միշտ էլ ձգտել է նախկին հետխորհրդային տարածքում հաստատել ռուսական ազդեցության իշխանություն, նաև ոչ միայն նկրտումներ է ունեցել, այլև փորձեր է արել Արցախում խաղաղապահներ տեղակայելու:

-ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի տեքստի քաղաքական մասն իր բովանդակությամբ և անգամ կառուցվածքով շատ նման է Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերին։ Այդուհանդերձ, ինչպես արդեն իսկ վերլուծել են փորձագետները՝ կա մի հստակ տարբերություն։ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման պայմանագրերի մեջ, որպես այս երկրների հակամարտությունների կարգավորման համար հիմնարար սկզբունք՝ նշվում է միայն տարածքային ամբողջականությունը, իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին խոսք չկա։ Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագիրը տարածքային ամբողջականության սկզբունքից բացի նշում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Արդյո՞ք սա հատուկ ձևակերպում է, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԵՄ մոտեցումը ղարաբաղյան հակամարտությանը տարբերվում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հակամարտությունների հանդեպ ԵՄ դիրքորոշումից։ Ավելին՝ այս ձևակերպումը օրինական հիմքե՞ր է ստեղծում երբևէ ԵՄ կողմից Արցախը պաշտոնապես ճանաչելու համար։ Ձեր կարծիքով՝ կա՞ հիմք նման լավատեսության համար:


-Լավատեսության կամ հոռետեսության հիմքերը մի կողմ թողնենք, կարծում եմ՝ղարաբաղյան հիմնահարցն իր առանձնահատկություններն ու տարբերությունն ունի մյուս չճանաչված ու չկարգավորված հիմնախնդիրներից, և այս մասին բազմիցս թե ՛ պաշտոնական, թե՛ քաղաքական տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվել է: Ինքս էլ համոզված եմ, որ ղարաբաղյանն իր առանձնահատկություններն ունի, որոնք չեն կարող հաշվի չառնվել և նկատելի չդառնալ նաև միջազգայի կառույցների և խնդրի հանգուցալուծման հիմնական դերակատարի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից: Այդուհանդերձ, այդ ամենն իր արտացոլանքը պետք է ունենա համապատասխան փաստաթղթերում:

-Ասում եք՝ յուրահատուկ է արցախյան խնդիրը, բայց համանախագահությունը մինչ օրս ասել է՝ մոռացեք Կոսովոն, իր Ղրիմի հարց ունեցող Ռուսաստանն էլ չի ճանաչում Արցախը: Այսինքն՝ ով ինչպես կմեկնաբանի:

-Բնականաբար, մենք տեսնում ենք, որ երկակի ստանդարտներ են կիրառվում նաև համանախագահող երկրների կողմից. մենք սա տեսել ենք, ու սա մեզ համար նորություն չէ: Եվ բոլոր երկրներն էլ (ԵԱՀԿ Մինսկի խմբի) այդ երկակի ստանդարտներն օգտագործում են տարբեր նկատառումներով ու սեփական շահերից ելնելով:

-Ձեր կարծիքով՝ համանախագահության մոտ կա՞ ընդհանուր կոնսենսուս, որ Արցախյան հակամարտությունն այլ դեպք է, որի նկատմամբ կա ավելի դրական ու տարբերակված մոտեցում:

-Կարծում եմ՝ կա ընդհանուր մոտեցում, որն արտացոլվում է ստատուս քվոյի պահպանմամբ, և նաև այն 3 կարևոր սկզբունքներում, որ հայտարարված են տարբեր ձևաչափերում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և հրադադարի ռեժիմի պահպանում: Սրանք գոնե այն ընդհանուր սկզբունքներն են, որոնք, կարծում եմ, բոլորի մոտ էլ որևէ այլ մոտեցման անհրաժեշտություն չեն բերում:

-Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո կա խոշոր պայմանավորվածություն, որ հետայսու առաջ է մղվելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների «միքս»-ը: Հայտնի է, որ Հայաստանը Վիեննայի պայմանավորվածությունների կողմնակիցն է՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայում, Կասպշիկի գրասենյակի ընդլայնում և այլն, իսկ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կողմնակիցը Ադրբեջանն է, որ առարկայական բանակցություններ պետք է լինեն: Ձեր կարծիքով՝ այս հարցում համանախագահության մոտ կա՞ կոնսենսուս:

– Բացարձակ առումով, բնականաբար, չկա, և մենք տեսնում ենք որոշ տարբերություններ, բայց նաև տեսնում ենք ցանկություն՝ ամբողջ բանակցությունների գործընթացը և դրա համար նախադրյալ հանդիսացող համապատասխան մեխանիզմների կիրառման գործընթացը: Անշուշտ, համանախագահող երկրների միջև կան տարակարծություններ և տարբեր մոտեցումներ: Մյուս կողմից, ստատուս քվոյի պահպանումը և մաքսիմալ խաղաղության պահպանման խնդիրը գոնե այս հանգրվանում, կարծում եմ, բոլորի համար ընդունելի է, և ամեն ջանք գործադրվում է, որ այս իրավիճակը պահպանվի: Եվ, ակնհայտորեն, աշխարհագրական վայրը՝ որտեղ ինչ են պայմանավորվել, մեզ համար չպետք է խաբուսիկ լինի: Մենք պարզապես պետք է կարողանանք օգտվել այդ պայմանավորվածությունների գործնական կիրառման ուղղությամբ անհրաժեշտ քայլերից և դրանց ձեռնարկումից, որոնք ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է բեկանել:

-Այն, ինչի մասին տարիներ շարունակ անորոշ խոսվում էր Ադրբեջանի՝ ԵԱՏՄ հնարավոր անդամակցության առումով, արդեն այնքան էլ անորոշ չէ, եթե հաշվի առնենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Գլազևի հայտարարությունը, որ ամեն ինչ կախված է Հայաստանից: Մի կողմ թողնենք՝ ինչ է մտածում այս առումով Հայաստանը, Արցախում ի՞նչ են մտածում՝ կո՞ղմ են, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի կառույցի մաս լինեն, ի դեպ, Արցախն էլ չլինի:

-Դժվար է այդ մասին խոսելը, որովհետև իրական գործընթացները և պատկերացումները մի քիչ այլ են. շատ ակնհայտ են ռուսական կողմի ձգտումները տարբեր ձևաչափերով՝ լինի ԱՊՀ երկրների, կկոչվի ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ, նրանք տարբեր ժամանակներում ստեղծված ձևաչափեր են, բայց նույն մտայնությամբ՝ մի կետի տանող գործընթաց, որի նպատակը, բնականաբար, նախկին Խորհրդային պետության տարածքում ռուսական իշխանության և ռուսական ազդեցության ոլորտի հաստատման գործընթացն է: Այս իսկ առումով՝ կան երևույթներ և գործընթացներ, որոնց կայացման փաստերը կարող են մեզ համար լինել իրական և դրա վրա ազդեցություն թողնելու համապատասխան միջոցներ չունենանք: Հուսանք, որ այդ ամենն իր անմիջական ազդեցությունը չպետք է ունենա արցախյան հարցի հիմնախնդրի վրա, թեպետ մենք գիտենք, որ այդ ամենի տակ կա թաքնված ական, որը ցանկացած պահի կարող է պայթել հենց մեր տարածաշրջանում և Արցախում:

-Շատ է խոսվում այն մասին, որ ՌԴ-ն ցանկանում է խաղաղապահներ մտցնել Արցախ:

-Այդ ձգտումները միշտ եղել են, եղել են ոչ միայն ձգտումներ, այլև՝ փորձեր: Բայց մենք ցույց տվեցինք, որ կարող ենք սեփական ուժերով խաղաղություն պահպանել և զսպել Ադրբեջանի հավանական ագրեսիաները: Խաղաղապահ ուժերի տեղակայումը, մեր համոզմամբ, միմիայն կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատում:

-Փորձերը ե՞րբ են եղել:

-Բնականաբար, պատերազմից հետո՝ Զինադադարի պայմանագրից հետո, եթե ոչ բացահայտ ու գործնական քայլերով, բայց նման նկրտումներ եղել են:

-Ֆիզիկական ներկայություն չի՞ եղել, որ արգելվի:

-Բնականաբար, ոչ, բայց կա միջազգային փորձ, տարբեր տարածաշրջաններում չկարգավորված հակամարտությունների համապատասխան փորձ, որը մեր համար ուսանելի կլինի:

-Մինչ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ժնևում էին, Ստեփանակերտից երկու կարևոր հայտարարություն եղավ՝ ԱՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Ւսագուլյանը հայտարարեց, որ Բակո Սահակյանը արգելել է օգտագործել «ազատագրված տարածքներ» բառակապակցությունը՝ մեր տարածքներն են ու վերջ…։

-Դա նորություն չէ:

-Եվ երկրորդ, որ Արցախը լինելու է շատ սկզբունքային բանակցությունների սեղանին վերադառնալու հարցում: Եվ եթե նորություն չէ, ապա ինչո՞ւ հիմա, սա պատահական համընկնո՞ւմ էր, ի՞նչ ուղերձ էր: Գոնե Երևանում մեկնաբանվեց, որ ղարաբաղցիներն ասում են, որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, ու մենք հին պայմաններով ոչ մի բանի համաձայն չենք։

-Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, և ես կարծում եմ, որ Արցախյան կողմի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել և պաշտպանվել են պաշտոնական և քաղաքական շրջանակների կողմից, և այս ուղերձները, իհարկե, պատահական չեն: Ում է ուղղված՝ եկեք թողնենք:

Անուշ Դաշտենց

tert.am

Տպել Տպել