ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Մեծ Շենում

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները շարունակում են ծրագրային հանդիպումներ ունենալ Արցախի համայնքներում։ Այս անգամ խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Ալյոշա Գաբրիելյանը եւ Ռիտա Մնացականյանն այցելել են Մարտակերտի շրջան, հանդիպել շրջանի նորանշանակ վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ, այնուհետեւ այցելել Մեծ Շեն եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ։

Հանդիպման սկզբում Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովում «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը: Հակիրճ անդրադարձել է Սահմանադրության վերաբերյալ խմբակցության տեսակետին ու սկզբունքներին, խոսել է նաեւ ՏԻՄ համակարգում սպասվող փոփոխություների մասին։

«Մեր խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում Հայաստանի ԱԺ-ում ներկայացված «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների եւ դաշնակցական նախարարների հետ՝ Հայաստանում համայնքների խոշարացման ծրագրի առավելությունները եւ թերություններն ուսումնասիրելու եւ մեր օրենքում հետագայում կիրառելու նպատակով։ ՏԻՄ-ի կայացումը պետության զարգացման ամենակարեւոր ոլորտներից է եւ մեր խմբակցությունը ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում այդ հարցին»,- նշել է Ալյոշա Գաբրիելյանը։

Դավիթ Իշխանյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի արտաքին հիմնախնդիրներին եւ նշել, որ Ղարաբաղյան հիմնահարցի եւ ներքին անվտանգության հիմնախնդիրների շուրջ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական բոլոր ուժերն ունեն համարյա նույն տեսակետները։ Այդ առումով մենք կարողացել ենք հասնել հաջողության եւ համախոհության մթնոլորտ ձեւավորել։

«Արտաքին ճակատի վրա մեր հիմնական նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է։ ՀՅ Դաշնակցությունն ունի այն հնարավորությունները եւ ռեսուրսները, որոնք ծառայում են մեր պետության, մեր ժողովրդի որդեգրած այդ նպատակին։ Իշխանություն-Դաշնակցություն հարաբերությունների, Սփյուռքում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ Արցախի ներկայացուցչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվում է ոչ միայն առաջ տանել Արցախի ճանաչման գործընթացը, այլ նաեւ հակադրվել ադրբեջանա-թուրքական մի շարք լոբբինգային աշխատանքների, նաեւ ցուցաբերել հայկական լոբբիի նոր դրսեւորումներ»,- իր խոսքում նշել է Դ․իշխանյանը։

Ռիտա Մնացականյանը մի շարք առաջարկություններով է ժամանել Մեծ Շեն։ Նախ՝ Ռ․Մնացականյանը Մեծ Շենի հիմնական դպրոցի տնօրինությանն է նվիրել ՀՅԴ անդամ, ԼՂՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պատմական

գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանի «Արցախի պատմություն» գիրքը՝ առաջարկելով պատմության ժամերի 5-10 րոպեն հատկացել Արցախի պատմությանը, ապա պատգամավորը ներկայացրել է Իրանում գործող «Թեւանիկ» բարեսիրական խմբի՝ Արցախում իրականացվելիք նոր սոցիալ-կրթական ծրագիրը։

«Խումբը նախաձեռնել է օժանդակություն ցուցաբերել հիմնական դպրոցն ավարտած այն աշակերտներին, ովքեր պատկանում են այս կամ այն սոցիալական խմբին եւ առաջադիմությամբ ուսումը կշարունակեն ռազմական եւ գյուղատնտեսության բնագավառներում։ Ծրագիրը մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվա ավարտին. ռազմական ուսումնարանի 1-ին կուրսը գերազանցությամբ ավարտած ուսանողները ստանալու են 1000, գյուղատնտեսություն մասնագիտության ուսանողները՝ 500 ԱՄՆ դոլար: «Թեւանիկ» խմբի այս ծրագրից ուսանողները կարող են օգտվել մինչեւ ուսման ավարտ: Ավելին, խումբը կօժանդակի այդ ուսանողներին, որպեսզի նրանք ուսումը շարունակեն բարձրագույն ուսումնարաններում եւ անգամ պրակտիկա անցնեն արտասահմանում»,- ներկայացրել է Ռիտա Մնացականյանը եւ նշել, որ «Թեւանիկ» խմբի այս ծրագրի նպատակը երկրի համար ռազմական եւ գյուղատնտեսական բնագավառի լավ մասնագետների պատրաստումն է։

Մեծ Շենի գյուղապետ Վյաչեսլավ Խուրշուդյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին՝ նշելով, որ նման հանդիպումները լավ հարթակ են խնդիրների մասին բարձրաձայնելու եւ նոր ծրագրերի մասին իմանալու համար։

«Ողջունում եմ թե՛ Արցախյան պատմության ուսուցման առաջարկը եւ թե՛ հարեւան Իրանի խմբի ծրագիրը» ասել է Վյաչեսլավ Խուրշուդյանը։

Հանդիպման վերջում գյուղի բնակիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին մանկավարժներին հասանելիք սոցփաթեթներին, Ղարաբաղ Տելեկոմի բարձր սակագներին ու անորակ ծառայությանը եւ բանակում ծառայող զինվորների հեռախոս օգտագործելու խնդրին։

Մի շարք հարցերի խմբակցության անդամները տեղում պատասխանել են եւ խոստացել մնացած հարցերը քննարկել համապատասխան մարմիններում:

aparaj.am

Տպել Տպել