Գեղարոտ համայնքը նորակառույց եկեղեցի ունեցավ

Ավանդապահ եւ ավանդապաշտ հայ մարդը բոլոր ժամանակներում հավատարիմ է եղել իր հավատքին եւ, ի հեճուկս պատմության վայրիվերումների, շարունակել է եկեղեցաշինության աստվածահաճո գործը: Կառուցել է, արարել եւ սերնդե – սերունդ փոխանցել դարերի խորքից եկող հոգեւոր հարուստ ու անկրկնելի ժառանգությունը:

Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքում հոգեւոր զարթոնքի իրական տոնախմբություն էր: Գեղարոտցիների, բոլոր հավատավորների առջեւ իր դռները բացեց Սրբ. Գրիգոր Լուսավորիչ անունը կրող նորակառույց եկեղեցին: Դրանով իսկ իրականացավ նրանց վաղեմի երազանքը՝ ունենալ գործող աղոթատեղի, որտեղ կիրականացվեն հավատքին, հոգեւոր ապրումներին հագուրդ տալու իրենց պահանջմունքները:

Նորակառույց եկեղեցին իրականություն է դարձել՝ շնորհիվ ծնունդով գեղարոտցի Կարլեն Գեւորգյանի ազգանվեր բարերարության, ում նվիրատվության եւ մեծ ջանքերի արդյունքում կառուցվել է եկեղեցին, բարեկարգվել շրջակայքը՝ պատրաստ գրկաբաց ծառայելու հավատացյալ հանրությանը:

Բացման արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Նիգ-Ապարան հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից, հարեւան համայնքներից:

Եղեկեցու օծման արարողությունը կատարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի կողմից: Օրվա խորհուրդը նա ընդհանրացրեց պատկերավոր արտահայտչականությամբ, հայ եկեղեցին համեմատելով Նոյան տապանի հետ՝ իբրեւ հոգու փրկության մեծ հանգրվան եւ հայրական տան հետ՝ իբրեւ ծնողական սիրո եւ խռովված հոգու փարատման սրբազան օրրան:
Եկեղեցին իբրեւ ընծա ստացավ իր առաջին սրբապատկերը, եւ կատարվեց առաջին մոմավառությունը:

Եկեղեցու բացման կապակցությամբ հնչեցին շնորհավորանքի եւ երախտագիտության խոսքեր: Դպրոցականները տոնը հագեցրին իրենց երգ ու պարով: Տոնական օրը շարունակվեց մատաղի մատուցմամբ եւ ավադական հյուրասիրությամբ:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել