Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործունեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:

Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը, ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:

«Ես ուզում եմ, որ մենք միմյանց նկատմամբ լինենք չափազանց հարգալից, չափազանց հավատարիմ, բայց անխնա: Անխնա, երբ հարցը վերաբերում է աշխատանքին, ազգային եւ կուսակցական շահին», ասել է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով` իշխանության հետ քաղաքական համախմբման դաշինք կազմելը Դաշնակցության համար ինքնանպատակ չի եղել: Երկրի ընկերային-տնտեսական , քաղաքական, կրթական եւ հասարակական կյանքում դրական փոփոխությունների, ընկերային արդարության հաստատման համար ՀՅ Դաշնակցությունը պետական կառավարման համակարգում է: Այս ժողովի նպատակն այն է, որ տեսնենք, թե ինչքանո՞վ մենք ինքնուրույն ներկայություն ունենք, ինչքանո՞վ մենք ներկա ենք իբրեւ Դաշնակցություն, ինչքանո՞վ մեր օրակարգերով ներկայություն ենք գործադիր իշխանության մեջ, եւ այն նպատակները, որ մենք դրել ենք գործադիրին մաս կազմելով, կհաջողե՞նք դրանք իրագործել, թէ՞ ոչ»:

Բոլոր հարցերն էլ կարեւոր են, սակայն Հրանտ Մարգարյանը առանձնացրեց ամենակարեւորը հարցը՝ որը Դաշնակցության համար եւ սկզբունք եւ առաջնային խնդիր է. «Ընկերային արդարության հաստատումը: Հակառակ որոշ դրական տեղաշարժերի ու արդյունքների, երկրում առկա ընկերային-տնտեսական վիճակը տակավին փոփոխությունների չի ենթարկվել»: Հրանտ Մարգարյանը հաստատեց. «Երկրում համատարած թանկացումներ են: Մեր խնդիրը պետք է լինի, որ ընկերային հողի վրա անապահով շերտերին կարողանանք ապահովագրել այս թանկացումներից: Բոլոր ոլորտներում սա պետք լինի մեր խնդիրը, որ ընկերային մակարդակի վրա անապահով շերտերը թանկացումների այս երեւույթի դեմ հանդիման չանճրկվի: Որովհետեւ ժողովրդի իրական շահերի պաշտպանի առաքելությունը մերն է՝ համախմբական կառավարության մեջ»:

Իր խոսքում Հրանտ Մարգարյանն անդրադարձավ նաև 2018թ. բյուջեի քննարկումներում ՀՅԴ-ից ակնկալվող մոտեցումներին` նշելով, որ այդ հարցում կուսակցության առաջնահերթ մտահոգություններից մեկը պետք է լինի, թե որքանով է նա ի զորու երաշխավորել սպասվող փոփոխությունները. «Առաջիկայում բյուջեի քվեարկություն է, շատ հարցեր մեզ պետք է մտահոգեն, բայց առանձնաբար մեզ պետք է մտահոգի հարցը, թե, արդյոք, այդ բյուջեն երաշխավորո՞ւմ է այն բարեփոխումները, որ նախատեսված են և պետք է երկրում տեղի ունենան 2018 թվականին: Այս առումով մենք պետք է հետեողական լինենք և հասկանանք, որ դա է ներդրումային այն մասը, որ անհրաժեշտ է բյուջեի քննարկման ժամանակ: Ճիշտ է կոռուպցիան մի քանի ոլորտներում մեղմացել է եւ դա շատ լավ է, բայց կոռուպցիան մեր միակ մտահոգությունը չէ: Մեր տնտեսության աքիլեսյան կրունկը մենաշնորհներն են: Մենաշնորհներն են , որ մի կողմից թույլ չեն տալիս արտաքին ներդրումներ, մյուս կողմից, եթե թույլ են տալիս, այդ ներդրումները կլանում են իրենց մեջ, նույն համակարգի մեջ: Մենք պետք է կարողանանք գիտակցել, որ մենաշնորհի դեմ պայքարը միայն ամպագոռգոռ արտահայտություններ ու կոչեր անելը չէ: Մենք մենաշնորհների դեմ պայքարում պետք է ծրագիր մեջտեղ բերենք» :

Ստորեւ ներկայացնում ենք նիստի տեսագրությունը:

Տպել Տպել