Շատ սպասելի նորություն էր, մեր համայնքը փոքր է, բայց ուժեղ

Ինդիանա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը շատ սպասելի նորություն էր մեզ համար: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ամերիկայի Հայ Դատի Ինդիանայի հանձնախմբի ղեկավար Սեդա Արզումանյանը:

«Ինդիանայի նահանգապետի որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին վկայում է Ամերիկայի Հայ Դատի տասնամյակների աշխատանքների մասին ինչպես ԱՄՆ-ի այլ նահանգներում, այնպես էլ Ինդիանայում: Ինդիանայի հայկական համայնքը փոքր է, բայց ուժեղ է իր հավատքով և գործունեությամբ՝ ուղղված Հայոց ցեղասպանության մասին հանրային տեղեկացվածության բարձրացմանը և ի վերջո ճանաչմանը»,- ասաց նա:

Սեդա Արզումանյանը վստահեցրեց, որ Ամերիկայի Ինդիանայի Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է իր ակտիվ աշխատանքը դաշնային մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում. «Այսօր արդեն Ինդիանան ներկայացնող կոնգրեսմեն Անդրե Քարսոնը միացել է դաշնային մակարդակով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառվող հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին և հուսով ենք, որ շատերը կհետևեն իր օրինակին»:

Նշենք, որ Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը նոյեմբերի 6-12-ը հայտարարել է «Հայաստանի շաբաթ»: Հայ դատի ներկայացուցչի խոսքով, առաջիկայում կազմակերպվելու է «Խոստում» ֆիլմի հանրային ցուցադրությունը, ինչպես նաև միջոցառումներ են նախատեսվում՝ նվիրված Արցախի ազատագրական պայքարի և Սումգայիթի ջարդերի 30-ամյակը:

«Ինդիանայի համայնքն իր ակտիվ մասնակցությունն է ունենալու ԱՄՆ Հայ Դատի ղեկավարությամբ ամերիկահայ համայնքի համար կարևորություն ունեցող հանրային քաղաքականության այլ առաջնահերթությունների առաջքաշմանը, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և խորացումը, Արցախի ճանաչումը և անվտանգությունը, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությունը և այլն»,- ասաց Սեդա Արզումանյանը:

Տպել Տպել