ԿԳ նախարարը ընդունել է տարկետման իրավունքը հանելու դեմ հանդես եկող ուսանողներին

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության` տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներից 10 ներկայացուցչի:

Նշենք, որ ուսանողները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

Ուսանողների բարձրացրած խնդիրները տարբեր էին կապված օրինագծի հետ:

Ուսանողների առաջին բարձրացրած հարցը հետևյալն էր. «Ինչո՞վ է պայմանավորված համալսարաններում ուսանողների` շարժմանը միանալու հետ կապված խոչընդոտները, համալսարանի դռները փակ պահելու ավանդույթը»:

Նախարարն էլ արձագանքեց. «Ուսանողները դասընթացի մեջ են, և դուք գտնում եք, որ այն պետք է ընդհատվի՞: Խոսքն այն մասին է, երբ մենք ունենք մի վիճակ երբ ուսանողության 90 տոկոսը զորակոչվում է բանակ և կատարում է իր պարտքը հայրենիքի հանդեպ և դա մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է և «Պատիվ ունեմ» ծրագրով առաջարկվում է փաթեթ, որով առաջարկվում է վերականգնել պահեստազորի սպայի հասկացությունը»,-ասաց նա: Նախարարը նաև հարցրեց.«Հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորի՞ համար է, թե՞ ոչ»:

Ուսանողուհիներից մեկը նշեց, որ ներկայումս դիմորդների մոտ ձգտում կա անվճար ընդունվելու, և եթե այս օրինագիծն ընդունվի, նրանց մոտիվացիան կորելու է, ավելի շատ չեն ձգտի պարապել, իսկ զինվորականի մասնագիտությունը կդառնա առաջնային:

Դավիթ Պետրոսյանն էլ նշեց` խնդիրն այն է, որ իրենք վստահ չեն, որ նման օրինագծի ընդունմամբ լուծվելու է արդարության խնդիրը: «Մենք սկզբունքին դեմ չենք, այն շատ լավն է, սակայն տարկետման ինստիտուտի սահմանափակելու օրինագծով կարծում ենք, որ սոցիալական արդարությունը չի վերականգնվի»,- ասաց նա:

Ուսանողների բոլոր հարցերն ու մտահոգությունները լսելուց հետո ԿԳ նախարարը նշեց, որ իր դիրքորոշումը հստակ ասել է և որ հարկավոր է երկու կարևոր խնդիր հստակ տարանջատել: Ըստ նրա` պետք է ֆիքսել այսօրվա վիճակը և թե ինչ են փոփոխելու:

«Խոսակցությունն այնպես գնաց, որ կա համատարած տարկետման իրավունք: Մենք տարկետում ենք տալիս ամեն տարի ընդամենը 5-6 հարյուր հոգու բակալվրիատում: Եթե նայենք այս թվի բաշխվածությանը ապա այն հավասար է բոլոր ֆակուլտետների միջև: Այնպես չէ, որ ռադիոտեխնիկային շատ ենք տալիս տարկետում, բժշկականին քիչ, հավասարապես է բաշխված»,- ընդգծեց նախարարը:

Նախարարի պատկերացմամբ ՊՆ օրինագիծը համալիր է և փորձում է փոխել ամբողջ մեր պարտականությունը: «Երկու սկզբունք է դրված` ՀՀ որևէ քաղաքացի հայրենիքի ծառայության համար արտոնություն չունի, իսկ երկրորդ սկզբունքը` դրա համար մեխանիզմներ ձևավորելն է»-ասաց նա:

Նախարարն անդրադարձավ ուսանողների նշած սկզբունքին, թե գիտության ոլորտում անընդհատությունը կարևոր է: «Որոշակի ուղղությունների մեջ անընդհատությունը շատ կարևորում եմ, բայց դա չի նշանակում որ մենք ՊՆ այդ ընդհանուր սկզբունքը պահելու հետ մեկտեղ չենք կարողանա այդ խնդիրները կարգավորել: Հնարավորություն կա այդ վառ անհատականություններին, այնպես անել որ իրենց մասնագիտական հետընթաց չառաջանա, բայց դա չի կարող կատարվի արտոնյալ ձևաչափով»,- հայտարարեց նախարարը:

Անդրադառնալով գիտության ոլորտին` Լևոն Մկրտչյանը նշեց, որ գիտության խնդիրը ոչ թե ավելի շատ տարկետումով է պայմանավորված, այլ պայմանավորված է գիտությունը երիտասարդի համար մոտիվացնելով: Նա համաձայնեց, որ գիտության նկատմամբ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։

«Կարող ենք երեք այսպիսի դահլիճ լցնել մարդկանցով, ովքեր թեկնածուական ունեն, բայց բացարձակ մոտ չեն գիտությանը, գիտության հոտը չգիտեն: Մեղավորությունը, պատասխանատվությունը ունե՞նք, իհարկե ունենք, բայց դրա համար կառուցվածքային փոփոխություններ պետք է անենք»,- ասաց նա և ավելացրեց, որ օրենքը հետաձգելու անհրաժեշտություն չկա: Ապա ընդգծեց, որ Կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները չի կարելի բերել կապել այս օրենքի հետ:

Ուսանողները նշեցին, որ դասադուլը շարունակվելու է, քանի որ իրենք կոնկրետ փոփոխություն են ուզում: Նախարարը խորհուրդ տվեց դադարեցնել դասադուլը և նշեց, որ միշտ պատրաստ է հանդիպել: «Այս օրինագիծը անցել է սահմանված բոլոր ընթացակարգերը, ունի հետևում քաղաքական ուժեղ հենարան»,-ասաց նա:

Տպել Տպել