Ադրբեջանի համար ցավոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը

Ադրբեջանի համար ցավոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նկատի ունեն ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է լինել ցավոտ և՛ Ադրբեջանի, և՛ Ղարաբաղի համար:

«Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար խոսում են, որ չեն հանդուրժի այս տարածաշրջանում հայկական երկրորդ պետություն: Սա նորություն չէ, 18-րդ դարից սկսած թուրքական իշխանությունները այս մասին հայտարարում էին, որ չեն հանդուրժի, որ ստեղծվի հայկական երկրորդ պետականություն:

Այս թեզը մինչ օրս էլ նրանց համար ակտուալ է, հակառակ դեպքում չէին հայտարարի, որ չեն հասնի մինչև Ստեփանակերտ կամ Սևանի ափ, Երևան: Նրանք հեռահար նման նպատակներ ունեն, բայց Ադրբեջանի համար առաջնային խնդիրը Նախիջևանի հետ անմիջական կապ ունենալն է, որի համար ամենահարմար տարբերակը Ղարաբաղը կլանելն է: Արցախի ժողովրդի կամարտահայտությունը պետք է հաշվի առնվի: Այնպես չէ, որ դրսում պետք է որոշում կայացնեն, բերեն, փաթաթեն ժողովրդին: Իսկ ժողովուրդն իր որոշումը կայացրել է, մարդիկ «այո» են ասել պետականությանը»,- ասաց Վահրամ Բալայանը:

ԼՂ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ անկախ Արցախի Հանրապետության գոյությունն է, որ իրենց համար ցավոտ է:

«Եթե նախկինում խոսվում էր Արցախը Ադրբեջանի կազմում ներգրավելու մասին, համատեղ պետություն ստեղծելու կամ Հայաստանի կազմում ներգրավելու մասին, ապա հիմա առաջնային է, շեշտադրվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սրա տակ ենթադրվում է պետականություն: Ժողովրդի կամարտահայտությունը դրսևորվել է այդ կերպ՝ պետականություն ունենալ: Անհնար է, որ Արցախի հետագա ապագան Ադրբեջանի կազմում լինի: Ժողովրդի ընտրությունը հարգել է պետք, ժողովուրդը պատրաստ է պայքարել իր անկախության համար»,- նշեց Վահրամ Բալայանը:

Իսկ թե ինչի՞ գնով պետք է ամրապնդվի Արցախի անկախությունը, ինչի՞ դիմաց Ադրբեջանը պետք է համակերպվի կարգավիճակի հետ, ԼՂ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Մենք բան չունենք տալու, ի՞նչ պետք է տանք, ի՞նչ կարող ենք տալ: Պատերազմի արդյունքում քարտեզը փոփոխության է ենթարկվել, հայ զինվորը ազատագրել է իր նախնիների հողը, նրանք պատերազմ են մեզ պարտադրել, մեր վզին պատերազմ են փաթաթել ու մենք հաղթել ենք, ինչը նշանակում է, որ մենք պետք է պետականություն ունենանք»:

Նա ասաց, որ Ղարաբաղի համար էլ ցավոտ կողմեր կան՝ Արցախը կորցրել է Շահումյանը, Մարտունու տարածքներից, Հյուսիսային Արցախը:

Դիտարկմանը, թե արդյո՞ք Կատալոնիայի շուրջ տիրող իրավիճակը կարող է ազդել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա, Վահրամ Բալայանն ասաց, որ հակամարտությունները տարբեր են յուրովի:

«Իսպանիայի իշխանությունները խոսում են հանրաքվեի խախտումների մասին, մեզ չեն ասել, որ մենք որևէ իրավական սխալ ենք թույլ տվել, որովհետև խորհրդային օրենքների շրջանակներում է ամեն ինչ արվել: Այնպես որ կան որոշակի տարբերություններ: Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ կան հասարակական զարգացման օրինաչափություններ, որ մարդն ուզում է անկախ ապրել իր տարածքում, իր հայրենիքում: Գուցե այսօր ճնշեն, վաղը ճնշեն, բայց ի վերջո անկախության ձգտող փոքր պետությունները հասցնելու են դրան: Գուցե մեծ երկրները փող ունեն, զենք ունեն, բայց օր է գալիս, երբ այդ ամենը մարդու կամքի առաջ զրոյանում է, կամքը արտահայտվում է»,- շեշտեց նա:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Տպել Տպել