Հայ Յեղափոխականի մը հիշատակները

Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով հրապարակվող նյութերի շարքում ներկայացնում ենք մեկ հատված ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Առաջին Հանրապետության «Բյուրո» կառավարության կազմում Ներքին գործոց եւ ռազմական նախարարի պաշտոնն իրականացրած Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ յեղափոխականի մը հիշատակները» հուշագրությունից: Շարունակելով անդրադառնալ Առաջին Հանրապետության ստեղծմանը եւ դրան նախորդող իրադարձություններին ներկայացվող հատվածը արժեւորում ենք նաեւ նրանով, որ լուսաբանվող իրադարձությունների շրջանում հանդիսանալով Հայոց ազգային խորհրդի անդամ Ռուբեն Տեր-Մինասյանը լավագույնս իրազեկ է տեղի ուենցած փոթորկալից դեպքերի մանրամասներին:

(Նյութը ներկայացվում է աբեղյանական ուղղագրությամբ):

Ռուբեն Տեր-Մինասյան

Մինչեւ 1917 թվականը ոչ մի հայ կուսակցություն բնավ չէ ձգտած Երեւանյան նահանգը բաժանել Ռուսաստանից եւ նրանից կազմել Հայաստանը: Հայ կուսակցությունները եւ առհասարակհայ ժողովուրդը ձգտած են ունենալ անկախ Հայաստան, բայց ոչ թե Ռուսաստանում, այլ ռուսական սահմանից այն կողմ, Տաճկաց Հայաստանում: Մինչեւ այդ թվականը, Հայաստան, Երկիր հոմանիշ էին Տաճկահայաստանին: Եթե չհաշվենք Սյունյաց եւ Արցախու մելիքությանց եւ Ներսես Աշտարակեցու ժամանակի ձգտումները՝ ստեղծել Արարատյան շրջաններից ազատ Հայաստան, պետք է ընդհանուր առմամբ ասել, որ նման մի նպատակ կբացակայեր հայ մտքի եւ քաղաքական կուսակցությանց ծրագիրների մեջ:

Հայ ժողովուրդը ռուսական տիրապետության տակ ընկնելով, յուր ձգտումներն ու նպատակները կսահմանավորեր հետեւյալ գլխավոր պահանջներով.- Կրոնական եւ մշակութային ազատություն, վարչական ինքնավարություն ( զեմստվո), եւ վերջապես Անդրկովկասյան ֆետերացիա, Ռուսաստանի սահմաններում: Այս վերջին քաղաքական պահանջը, զոր Հ.Յ. Դաշնակցությունը կառաջադրեր 1914-ից, ընդդիմություն կգտներ հայ թե՛ աջ եւ թե՛ ձախ հոսանքների կողմից՝ մեջն առնելով եւ ներկա բոլշեւիկ ու մենշեւիկ հոսանքները, որոնք այսօր բախտի բերմունքով Անդրկովկասյան ֆեդերատիվ պետության վարիչները կհանդիսանան: Ինչ էլ որ լինի, մինչեւ 1917, Դաշնակցությունն էր ամենածայրահեղ ազգային պահանջներ դնողը, բայց նրա պահանջների սահմանը չէր անցնում Անդրկովկասյան ֆետերացիայից. Նա Հայաստան անունը կզլանար տալ Երեւանյան եւ այլ գավառներին, վերապահելով այդ Տաճկաց Հայաստանին…

Համաշխարհային պատերազմի ընթացքում, ավելի շեշտ կառնե գաղութահայ եւ ռուսահայ զանգվածների մեջ Հայաստանի ազատագրման ձգտումը: Այս ձգտումը ավելի ուժ կառնե ոչ թե Հեղափոխական կուսակցությանց, այլ ավելի աջակողմյան տարրերի մեջ՝ գլուխ ունենալով կղերականությունը, ըստ որուն Հայաստանի ազատագրում ըսելով կհասկցվեր միայն Տաճկահայաստանը. Ռուսաց Հայաստանի՝ ներկա Հայաստանի վերաբերմամբ ո՛չ մի քաղաքական եւ այլ պահանջ չէր առաջարկվեր: Ռուսական բանակաները հայ կամավորների օժանդակությամբ կգրավեն, մինչեւ 1917-ը, համարյա ամբողջ Տաճկաց Հայաստանը: Միացյալ Հայաստան ստեղծված էր, բայց այդ միացյալ Հայաստանում հայերի քաղաքական որեւէ ձգտում չէր բավարարված: Վասպուրական, Տարոն, Բարձր-Հայք եւ այլն, դարձած էին ռուսական նահանգներ եւ փոխանակ անկախ Հայաստանի՝ կծրագրվեր Եփրատյան կոզակության կազմակերպումը, Արածանիի հովտում:

Եկավ 1917 թվականը գահավեժ անելու ցարական իշխանությունը յուր Նիկոլաներով եւ իրենց ծրագիրներով:

Փեթերսպուրկի ժամանակավոր կառավարությունը, Քերենսկու գլխավորությամբ, ուղարկած էրԱնդրկովկաս, փոխարքայի տեղը՝ Խարլամովը եւ նրա հետ դումայի երեք անդամներ- մի հայ՝ Բաբաջանով, մի թաթար Ջաֆարով, մի վրացի Չխենկելի: Այս երեք ազգերի պատկանող ներկայացուցիչների նշանակումը լռելյայն ճանաչումն էր Անդրկովկասի երեք ժողովուրդների իրավունքների, եւ այդ ժողովուրդներից արդեն կազմված անջատ Ազգային խորհուրդների գոյության փաստը: Միաժամանակ գրավված տաճկահայկական նահանգների համար նշանակված էր առանձին լիազոր՝ զորավար Ավերիանով, նրան օգնական՝ Զավրիեւ, իսկ զինվորական գործերի իբր ընդհանուր վարիչ՝ Դոնսկոյը:

Անշուշտ եղած հրամանները, ուկազները, ըստ պատշաճի եղած կարգադրություններ են, որոնց հետին իմաստը իրենց կվերապահեին՝ ապագայում նոր ուկազներով հաստատելու կամ փոխելու դիտումներով:

Ենթադրություններից խուսափելով, մեզ հետաքրքրողը այդ կարգադրություններով նշանակվածների վարքագիծը պիտի լինի, զոր կարելի է բնորոշել ըստ իրենց գործերի: Զորավար Ավերիանով իրան հանձնված Տաճկահայկական նահանգները կնկատեր իբր տիրապետված ռուսական երկիր (զավայովննի կրայ), թեեւ նրա օգնական Զավրիեւը կջանար այդ երկիրը Հայաստան համարել եւ իբրեւ այդպիսին կառավարել: Զինվորական վարիչ Դոնսկոյը եւ Խարլամովը կնկատեին անդրկովկասյան երկիրը իբր մի նահանգ Ռուսաստանի: Իսկ թաթար պատվիրակ Ջաֆարովը, հենված թաթարական Ազգային Խորհրդում Մուսավաթ կուսակցության վրա, կհամարեր թե Ռուսաստանի բանը վերջացած է եւ կսպասեր թուրքերի գալուն՝ որպեսզի Անդրկովկասը Թուրքիո մի վիլայեթ դառնա: Պակաս դրական աշխատանք չէր ցուցադրեր վրացի ներկայացուցիչը. Նա հենված մենշեւիկ կուսակցության եւ վրացի Ազգային խորհրդի վրա, գործ էր կատարում արդյունավոր կերպով եւ մշակված ծրագրով: Մի կողմից Վրաստանի ամբողջացման, նրա հողային եւ այլ խնդիրները կկարգադրեր «սոցիալիստաբար>, մյուս կողմից անհավանական չգտնելով Թուրքիո հաղթությունը, կհենվեր թուրք, թաթար խմբակցությունների վրա, միաժամանակ կապը պահելով, իբր «սոցիալիստ>, Սոցիալիստական Ռուսաստանի հետ:

Ազգերի խմորման, հեղափոխական այդ վայրկյանին, հայ պատգամավորը չուներ ոչ սոցիալիստական մի որեւէ հենարան, ոչ էլ ուներ հենարան հայ ժողովրդի մեջ: Այդ մարդը Ջաֆարովի նման կադետ էր, բայց չուներ նրա ճկունությունը եւ ընդունակությունը, հասկնալու վայրկյանի պահանջը. կշարունակեր միապետական երազներ տեսնել: Նա իրեն բարձր կհամարեր հայ ժողովրդից եւ նրա մեջ եղած հոսանքներից. չէ՞ որ ի վերուստ էր եկած…: Եւ փոխանակ հենվելու Ազգային խորհրդի կամ որեւէ արժեքավոր կուսակցության վրա եւ նրա կամքը պարտադրելու յուր ընկերակիցներին եւ Ռուսաստանին, ընդհակառակն, Չխենկելու եւ Ջաֆարովի կամքը կբերեր Ազգային Բյուրոյին:

Կարող եմ ասել, որ ազգերի այսպես ասած <ալան թալանի> վայրկյանին, երբ անհատի դերը մեծ էր, հայերը չունեին ոչ Փեթերսպուրկում ու ոչ էլ Կովկասում մի պաշտոնական անձ, ձեւակերպելու եւ ընթացք տալու իրենց պահանջներին: Այս հանգամանքը շեշտեցի նրա համար, որովհետեւ Անդրկովկասյան երկրամասերի ներկա սահմանային դրությունները հետեւանք են հեղափոխության առաջին օրերի մեր ցուցադրած ապիկարության եւ անկարողության:

Հայության անկարողությունը անարդար կլիներ վերագրել անհատի անկարողության միայն. Դա կբխեր նաեւ այն դրությունից, որ բացի Դաշնակցությունից, մյուս հոսանքները որեւէ պահանջ չունեին Անդրկովկասյան հայության համար. բոլորին ուշադրությունը կենտրոնացած էր «Երկրի» վրա: Իսկ Անդրկովկասում, նրանց համար Հայաստան չկար եւ ոչ էլ առանձին հայկական պահանջներ: Դրա համար, Դաշնակցության պլատֆորմը Անդրկովկասյան Ֆետերացիայի եւԱնդրկովկասյան Հայաստանի սահմանների վերահարդարման մասին, շատերի համար կենսական չէր համարվի, չէ՞ որ պիտի ստեղծվեր Հայաստան Տաճկահայաստանում:

Դաշնակցության մնում էր գործել առանց միջնորդի, եւ հանուն Անդրկովկասյան հայության շահերի աշխատել երկու ուղղությամբ.

Ա.- Ջանալ որ Փետրոկրատի ժամանակավոր կառավարությունը ինքը վճռե եւ հրահանգե Անդրկովկասյան գավառների սահմանավորման հարցը, ազգագրական հիմքերի վրա:
Բ.-Անմիջականորեն փոստային դրություններ ստեղծել հայկական գավառներու, ժողովրդական ընտրությամբ, մտցնելով զեմստվոներ եւ լուծելով սահմանային խնդիրները:

Առաջին ուղղությամբ աշխատելու համար, նա Շահխաթունու կողմե կազմված սահմանավորման ծրագրի հիմունքներով Փեթրոկրատ ուղարկում է ներկայացուցիչներ, որոնց մեջ ե՛ւ Շահխաթունին: Սկզբունքով կընդունվի առաջարկված ծրագիրը, որով Թիֆլիսի, Երեւանի, Կարսի եւ Գանձակի նահանգների հայկական գավառներից պիտի կազմվեին հայկական նահանգներ: Բայց սկզբունքով ընդունել տալը, դեռ գործ դառնալուց շատ հեռու էր: Մի կողմից կպակսեր պետության վճռական հրահանգը Անդրկովկասի նոր սահմանագծման մասին, իսկ մյուս կողմից այդ հրամանը շուտով անգործնական պիտի դառնար, քանի որ ինքը ժամանակավոր իշխանությունը հոգին պիտի փչեր:

Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրությունները տեղի ունեցան.եթե այդ ընտրությունները պետք չեղան Ռուսաստանին, բայց Անդրկովկասում հիմք ծառայեցին ձայնատվությանց եւ պատգամավորների թվերի համեմատությամբ կազմակերպելու Ազգային Խորհուրդները:

Անդրկովկասյան իշխանությունն էլ հիմնովին կերպարանափոխվեց: Ազգերը իրենց հավաքած ձայների համեմատությամբ կազմակերպեցին Անդրկովկասյան Սեյմը, որից հետո ձեւական էին դառնում կեդրոնական իշխանության ներկայացուցիչները եւ պաշտոնյաները: Անդրկովկասյան ժողովուրդները իրենք իրենց բախտը որոշողները պիտի լինեին:

Շահերի հակամարտությա՞ն թե կարճատեսության շնորհիվ, Անդրկովկասի երեք ժողովուրդներից ստեղծված օրենսդիր եւ վարչական իշխանությունը դարձավ մի անդամալույծ մարմին: Յուրաքանչյուրը իր էշն էր քշում եւ միայն ձեւ էր Անդրկովկասյան մի իշխանության գոյության փաստը: Հոն կվիճեին, կկարգադրեին, բայց իրական գործը եւ կարգադրողը լինում էր յուրաքանչյուր ազգի Ազգային խորհուրդը:

Հայոց Ազգային Խորհուրդի մեջ, տիրապետող էր կովկասյան սահմանագծման ծրագիրը, քանի որ դաշնակցականները հոն մեծամասնություն կկազմեին. Եւ Դաշնակցությունը սկսեց փաստական դրություններ ստեղծելու ձեւը:

Նրա լիազորները ուղարկվեցին հայկական գավառները, այնտեղ կազմելու համար տեղական իշխանությունները, ձգտելով կեդրոն ունենալ կամ Երեւանը, կամ Ալեքսանդրապոլը: Ազգային Խորհուրդի այս տեսակի որոշումները պիտի սկիզբը համարել Անդրկովկասի հայկական գավառների կեդրոնացմանը ազգագրական մի ամբողջության մեջ, բայց այս ամբողջությունը Հայաստան չէր համարվում այլ «Հայաբնակ գավառներ» Անդրկովկասի եւ Ռուսաստանի սահմանների մեջ: «Հայաստանը» դեռեւս մնում էր Տաճկաց Հայաստանը, որ ուներ յուր իշխանությունը հանձինս Ավերյանովի, Զավրիեւի, եւ յուր Սեյմը՝ հանձինս թրքահայ Ազգային խորհուրդի:

Հայոց Ազգային Խորհուրդի ներկայացուցիչները Անդրկովկասյան հայաբնակ գավառներում ամենուրեք կազմեցին տեղական ազգային Խորհուրդներ: Այս ներկայացուցիչների մեջ կեդրոնական անձը եղավ Արամը, որ Երեւանիշրջանի լիազորն էր. Նա Երեւանը դարձրեց այն կորիզը, որի շուրջը պիտի հավաքվեին մնացած գավառների Ազգային խորհուրդները:

1918 թվի սկիզբները, սահմանային խնդիրները փաստորեն լուծված էին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Մինչեւ թուրքերի Կովկաս մտնելը, կազմակերպված էր Շիրակի նահանգը (որի հետ կապված էր Ախալքալակը) եւ Բորչալուի հայկական մասը՝ Վրաստանում: Կազմված էր Կարսի նահանգի հայկական մասը, կազմված էր Երեւանի նահանգը, հաստատված էր Ղարաբաղը եւ Լեռնային գանձակի (քաղաքի մի մասով) հայկական առանձին իշխանություն, եւ վերջապես կազմված էր Լեռնային Ղազախի, ներկա Դիլիջանի շրջանը. Որ կապված էր Երեւանի հետ: Այս շրջանների Վրաստանից եւ Ադրբեջանից բաժանման փաստը առանձին զարմանք չէր պատճառած ոչ վրացիներին, ոչ թաթարներին, որոնք համակերպված էին եղած դրության:

Բայց Հայոց Ազգային Խորհուրդների շինած հայաբնակ օճախը գալիս էր քանդելու տաճիկ զորքը:

Անդրկովկասյան իշխանությունը ձեւական պատերազմի մեջ էր: Նրա բաղկացուցիչ թաթար ղեկավարները կցանկանային Վեհիպ փաշայի հաջողությունը. Նրա բաղկացուցիչ վրացի տարրը դեմ էր այն չափով, որ տաճիկները չմտնեն Վրաստան, այլ՝ գերմանացիք, եւ հաջողած էր դրա մեջ: Նրանք արագացրին տաճիկների մուտքը Կարս եւ Հայաստան եւ բնական գտան այդ: Հանգիստ էին, քանի որ երաշխավորված էր վրացաբնակ գավառների անձեռնմխելիությունը տաճիկների կողմից: Անդրկովկասյան-տաճկական պատերազմին՝ Հայաստանն ու հայաբնակ գավառները կդավաճանվեին փաստորեն իրանց վերին կառավարության կողմից: Հայոց Ազգային Խորհուրդը եւ Տաճկահայ Ազգային Խորհուրդներն էին, որ իրանց զորքերով պիտի պաշտպանեին Հայաստանն ու Անդրկովկասի հայաբնակ գավառները, ոչ միայն տաճիկների դեմ, այլեւ թիկունքից հարվածող թաթարի եւ երկդիմի դիրք բռնող վրացիների դեմ: Այդ վեր էր հայ ժողովուրդի ֆիզիքական կարողությունից: Եւ նա պարտվեց Հայաստանում: Էրզրումը ինկավ թուրքերի ձեռքը, տաճիկ բանակը մտավ Հայաստան, ոչնչացրեց Ավերիանովի կազմած տեղական իշխանությունները, առավ Կարսը, մտավ Ախալքալակ, անցավ Գանձակ, Շուշի, Բագու: Թաթարները հասած էին իրենց նպատակին. Թուրք իշխանությունը տերն էր Անդրկովկասի:

Պաթումում Վեհիպ փաշան պարտադրեց այն ծանր պայմանները, որով անդրկովկասյան կառավարությունը վերջ պիտի գտներ՝ ստեղծելով երեք հանրապետություններ՝ Վրաստան, Հայաստան եւ ադրբեջան. Եւ Հայաստան ասելով կհասկցվեր ոչ թե ցարդ ըմբռնված Տաճկաց Հայաստանը, այլ Անդրկովկասյան հայաբնակ գավառներից մի փոքր մասը՝ 11,000 քառ. քիլոմեթր տարածությամբ:

Մայիսի 28-ին, Հայոց Ազգային Խորհուրդը կհամակերպի այդ պահանջին, բայց նորից վերապահությամբ: Նա իրան կհայտարարե «Գերագույն Իշխանություն Հայաբնակ Գավառների»: Հայաբնակ գավառների եւ ոչ Հայաստանի գերագույն իշխանություն հայտարարելը ուներ իր իմաստը. Նախ դրանով կակնարկվեր այն բոլոր հայաբնակ գավառներին, որ ինկած էինԱդրբեջանի եւ Վրաստանի մեջ, քանի որ հյուսիսից չկար դեռ որոշ սահման. Երկրորդ՝ նա չէր ուզեր, Հայաստան անունը գործածելով, ընդառաջել Թուրքիո այն ձգտումին, որ Հայկական Հարցի կեդրոնը Տաճկաց Հայաստանից փոխադրվի Անդրոկվկասյան Հայաստանի մեջ: Ազգային Խորհուրդի համար Հայաստանի հարցը կմնար բաց: Հայ ամենամեծ հայրենասեր Ստեփան Մամիկոնյանի այդ վարպետ բանաձեւումով միայն կարող էր պաշտպանվել Հայկական Դատը, ինչպես Տաճկաց Հայաստանում, նույնպես եւ Կովկասյան Հայաստանում:

1918 մայիս 28ին, թեեւ Ազգային Խորհուրդը իրեն հայտարարած էր «Հայաբնակ գավառների գերագույն իշխանություն», բայց փաստորեն ստեղծված էր անկախ Հայաստան Արարատյան աշխարհի բեկորների վրա:Ստեղծվում էր հայկական կառավարություն մի փոքրիկի հողամասի վրա, որին ոմանք կհամեմատեին գերեզմանոցի եւ ոմանք էլ գաղթականական կայանի հետ: Պաթումում գծված Հայաստանը կպարփակեր յուր մեջ ճիշդ ներկա Խորհրդային Հայաստանը, առանց Ալեքսանդրապոլ-Արարատ կայարանի երկաթուղու գիծը յուր երկու կողերով: Հայաստանը կներկայացներ իրական մի բանտ, մի գաղթակայան:

Ինչու այդ դրության համակերպվեց Հայոց Ազգային Խորհուրդը. Պատասխանը պարզ է: Պետք էր շատից քիչը փրկել: Հայությունը պարտված էր եւ հաղթողն էր Թուրք-թաթարական-վրացական խմբակցությունը, որի դեմ մեն մենակ նա անկարող էր յուր դատը պաշտպանել, յուր երկիրը վերագրավել:

Ի՞նչ հույսեր ուներ նորակազմ Հայաստանը: Նա այլեւս հույսեր չուներ ոչ բոլշեւիկներից, ոչ Ռուսաստանից, նրանք լքած էին իրեն վատորեն: Նա հույս չուներ թուրք-թաթարական եւ վրացական մեծահոգության վրա: Նրանց կողմից Հայաստանը բաժան-բաժան անելու փաստը ակներեւ էր բոլորի համար: Մի հույս էր մնում, հեռավոր մի հույս. գուցե պատերազմի բախտը փոխվեր հոգուտ դաշնակիցների: Գուցե նրանց միջոցով յուր դատը շահեր: Մինչ այդ պետք էր համակերպվիլ, պետք էր ներքուստ կազմակերպվիլ:

Կար Երեւանում՝ Հայաստանի կառավարություն, Հայաստանի փարլամենտ, որի նախագահ Ավետիք Սահակյանը չէր քաշվի ամբիոնից հայտարարել՝ ի ներկայություն թուրք ներկայացուցիչի, որ «բանտի դռները պիտի բացվին մի օր, պիտի փշրվին շղթաները»: Իսկ Հայաստանի փաստական դիկտատորը՝ Արամը, յուր նախկին ընկեր՝ հաղթական Խալիլ փաշայից (որ եկած էր Երեւան այցի) կպահանջեր սահմանների ընդարձակում եւ ապրելու հնարավորություն:

Հաղթական Խալիլ փաշան չէր մերժեր սկզբունքով Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխիկ կառաջարկեր, որ հայերը դատարկին Զանգեզուրի Մեղրի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվին Բագուի հետ. ի փոխարեն դրան պատրաստ էր ի հաշիվ Ադրբեջանի ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջիվանշիր եւ Վարանդա: Դա փաստորեն կնշանակեր ուժ տալ փան-թուրանիզմին: Նա կառաջարկեր զինվորական դաշինք կնքել դաշնակիցների դեմ: Այս կնշանակեր վերջին հույսն էլ ջուրը ձգել, առանց երաշխավորություն ունենալու թե թուրք-գերմանական միջոցներով պիտի լուծվի Հայկական Հարցը:

Այդ խոսակցությունները ոչնչով վերջացան, մնաց եղած վիճակը: Միակ օգուտը եղավ այն, որ Արամի անձնական կապի շնորհիվ, Խալիլ փաշան Հայաստանին շնորհեց 25,000 փութ ցորեն գաղթականաց համար եւ հրահանգ տվեց Բաշ-գեառնի շրջանի Միլլի ձորի մեջ եղած թաթարներին՝ հեռանալ տաճկաց հողեր. հայ գաղթականներին տեղ բանալու համար: Ահա այս երկու դրական կարգադրություներից շահեց Հայաստանը: Եկած ցորենը բաժանվեց սովահարներին: Իսկ Միլլի ձորը զորքով եւ թնդանոթներով դատարկվեց թաթարներից, թեեւ կվախնային շատերը, որ Ուլուխանլու նստած թուրքերը միջամտեն: Ինչ էլ որ լիներ, դա անհրաժեշտ էր, հողի խնդիրը մասամբ գոնե թեթեւացնելու համար:

1918ի Դաշնակիցների հաղթության օրերն էին գալիս: Բախտի անիվը կդառնար հոգուտ Հայաստանի: Գերման զորքերը կպատրաստվին լքել Վրաստանը, իսկ Բագուից ու ադրբեջանից կշտապեն հեռանալ տաճիկ զորքերը: Տաճկական զորքերը սկսում են դատարկել հայկական գավառները՝ Լոռի, Ախալքալակ, Ալեքսանդրապոլ, Սարտարապատ, Ղամարլու, Շարուր, Նախիջեւան, Սուրմալու, եւ Կարս:

Բանտի դուռները բացված էին. Հայկական զորքերը կհետեւին թուրք նահանջող զորքերին եւ մեկը մեկի հետեւից կգրավեն ու հայկական իշխանություն կհաստատեն դատարկված գավառներում:
Գաղթական դարձած հայ ժողովուրդը կհետեւի հայ բանակին եւ յուր հայրենի օճախը կշենացնե:

Ռուբեն «Հայ յեղափոխականի մը հիշատակները» հատոր 7, էջ 125-146 (կրճատումներով): Պեյրութ 1979 Համազգայինի Վահէ Սեթեան տպարան

Տպել Տպել