Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները

Հերթական անգամ Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները։ Նոյեմբերի 25-ին կարեւոր առաքելությամբ ժամանած անդամներն այցելել են Ասկերանի շրջանի Ուղտասար համայնք՝ դպրոցի համար համակարգիչներ եւ մարզական պարագաներ, իսկ դպրոցականներին՝ մարզական հագուստի տեսքով նվերներ հանձնելու նպատակով։


«Թեւանիկ» խմբի անդամների այցը գլխավորում էին ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանը։

Նախ Ալյոշա Գաբրիելյանը միջոցառմանը ներկա ուղտասարցիներին եւ հրավիրվածներին է ներկայացրել «Թեւանիկ» խմբի Արցախում իրականացրած ծրագրերը, ապա խոսքը փոխանցել խմբի օժանդակող անդամ Անահիտ Բեգլարյանին։

«Առաջին անգամ չենք Ուղտասարում եւ վստահ եմ՝ ոչ վերջին անգամ։ Մեր հնարավաորությունների չափ օժանդակելու ենք արցախցիներին եւ մեր ներդրումն ենք ունենալու Արցախի տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ա․Բեգլարյանը։

Ուղտասարի դպրոցի տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել Իրանի խմբի անդամներին եւ նշել․ «Տարիներ շարունակ դպրոցն ուներ համակարգիչների եւ մարզական պարագաների խնդիր։ Այսօր երազանքների իրականացման օր է»,- ասել է դպրոցի տնօրենը։

Փոքր դպրոցում եւ փայտե վառարանների ծխի նորքո դասերն անցկացնող ուղտասարցի դպրոցականները հաջորդ տարվանից հաճախելու են նոր դպրոց։ Դպրոցի շինարարությունն ընթացքի մեջ է, համակարգիչներն ու մարզական պարագաները այլեւս երազանք չեն, տոնածառի մասին մտածելու կարիք եւս չկա․ «Թեւանիկ» խումբը երկու տոնածառ է նվիրել դպրոցին, որոնք միասնական ուժերով զարդարվել են միջոցառման վերջում։

aparaj.am

Տպել Տպել