Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանի արտգործնախարարի այցը Երևան ճիշտ ժամանակին էր՝ հաջորդել է ԻՊ-ի դեմ Իրանի հաղթանակին: Նա բնորոշեց՝ այցը «պատգամ էր»: Կարեն Խանլարյանի խոսքով՝ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիվանագիտական շրջանակներում Իրանի վստահելիության չափը ցույց տալու առումով:

-Պարո՛ն Խանլարյան, Հայաստանում էր Իրանից ժամանած պատվիրակությունը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի գլխավորությամբ: Հայ-իրանական հարաբերություններում հատկապես վերջին շրջանում փոխադարձ այցելությունները բավական ակտիվ բնույթ են կրում: Ձեր տպավորությամբ ՝այս անգամվա հանդիպումն առանձնանո՞ւմ էր նախորդներից, թե՞ ուղղված էր նախկին պայմանավորվածությունների կատարման ընթացքը ստուգելուն:

-Ավելի շատ երկրորդը: Այցը նպատակ ուներ նախկին պայմանավորվածությունները ամրագրել, վերանորոգել: Կարծում եմ, որ հանդիպման ժամանակը տարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևոր էր, պատեհ էր այն պայմաններում, երբ Իրանը մեծ դեր խաղաց ԴԱԻՇ-ի ոչնչացման հարցում: Դրանով նոր էջ է բացվում քաղաքական հավասարակշռումների առումով:

Ընդհանուր հայացքով նայելիս, հասկանում եմ, որ շատ ճիշտ պահ էր ընտրված այցի համար: Կարելի է անգամ պատգամ համարել այս այցը:

-Նկատի ունեք՝ «պատգամը» Իրանի կողմից Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ոչնչացմա՞ն մասին էր:

-Կարծում եմ՝ այո:

-Իրանը կարևորո՞ւմ է Հայաստանին ահաբեկչության դեմ պայքարի գործընթացներում:

-ԻՊ-ի գլխավոր թիրախներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունն էր, և այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանն Իրանի համար եղել է վստահելի հարևան: Ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրները կարողացել են նույնիսկ համադրել իրենց ջանքերը: Հիմա արդեն, երբ ԴԱԻՇԸ-ը ոչնչացվել է, ես կարծում եմ, նոր քաղաքական իրավիճակի առջև ենք կանգնած:

-Պարո՛ն Խանլարյան, պետք է նկատենք, որ իրանական պատվիրակության այցը Հայաստան հաջորդել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Իրանական կողմն արդյո՞ք հետաքրքրված է այդ համաձայնագրով, գուցե շահագրգիռ է առաջին աղբյուրից տեղեկանալ այդ համաձայնագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ, ինչպես կարծում են հայաստանյան փորձագետները:

-Չի բացառվում: Ճիշտ է, որովհետև մեծ թվով գործարարների առկայությունն այս պատվիրակության հետ, խոսում է այն մասին, որ Իրանը ցանկանում է իմանալ, թե Հայաստանը կարո՞ղ է «կամրջել» իրեն Եվրամիության հետ:

Մենք գիտենք նաև, որ Հայաստանը հիմնականում Եվրասիական տնտեսական միության տիրույթում է աշխատում: Դա նույնպես ինքնին հետաքրքրական հանգամանք է Իրանի համար: Իրանը նույնպես հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցության զարգացմամբ. դա երկուստեք ցանկալի հեռանկար է:

Հայաստանի կողմից Եվրամիության հետ համաձայնագիր կնքելը կարևոր քայլ է. թեև դա չի նշանակում, որ Հայաստանը միանգամից դառնում է Եվրամիության հետ գործընկեր, այնուամենայնիվ, սկզբնական քայլերն արվում են, որ Հայաստանը դառնա Եվրամիության հետ հիմնական գործընկեր, որը նաև Իրանի համար է լավ հնարավորություններ ապահովում:

– Հայ-իրանական հարաբերությունների տնտեսական զարգացման հարցում կարևորվում է, ինչպես Դուք էլ նշեցիք, ԵԱՏՄ-ի դերը: Իրանը պատրաստվում է հատուկ համաձայնագիր ունենալ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանում ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ: Պետք է նկատենք, որ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին խոսվում է արդեն գրեթե 2 տարի: Դուք տեղյա՞կ եք, իրականում հիմա ի՞նչ փուլում է գտնվում Մեղրիում ազատ առևտրի գոտի հիմնելու գործընթացը:

-Ես այս վերջին ամիսներին հնարավորություն ունեցա մոտից ծանոթանալու ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացներին: Բավականին գործ է կատարվել, և նկատելի է՝ երկու երկրներն էլ՝ և՛ Իրանը, և՛ Հայաստանը շահագրգռված են այն կյանքի կոչելու հարցում:

Ես կարծում եմ՝ լուրջ ակնկալիքներ պետք է ունենալ գործընթացից, ձեռքբերումներ կարելի է սպասել մոտ ապագայում:

-Հայաստանի և Իրանի պաշտոնատար անձինք պարբերաբար նշում են, որ երկու երկրների հարաբերություններում առաջնահերթ է տնտեսական համագործակցության զարգացման խթանումը: Վիճակագրական տվյալներով՝ մեկ տարում առևտրում աճ է գրանցվել: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ հաշվին է այդ աճն արձանագրվել, բացի քննարկումներից՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տնտեսության զարգացման համար:

-Կարծում եմ՝ ակնբախ, շոշափելի արդյունքներ չեն գրանցվում դեռ, բայց հիմքեր են կառուցվում տնտեսության զարգացման համար, հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցության լավ հեռանկարներ կան: Հիդրոքաղաքականության ոլորտում կարծես թե շատ լուրջ մտադրություններ կան երկու երկրների մոտ՝ Արաքս գետի վրա էներգետիկ կայաններ կառուցման առումով: Կարծում եմ՝ եթե դրանք իրականացվեն, Հայաստանի տնտեսությունը բավականին կկայունանա:

-Իրանի և Հայաստանի միջև պաշտոնատար անձանց հանդիպումներում մշտապես է կարևորվում էներգետիկ համագործակցության հարցը: Այս անգամ էլ, ինչպես նշում են կողմերը, թեման կրկին քննարկվել է: Հետաքրքիր է ՝քննարկումներն արդյո՞ք եղած, մեր իմացած էներգետիկ համագործակցությունների մասին են, թե՞ նոր համագործակցության հեռանկարներ էլ են քննարկվում:

-Կարծում եմ՝ հիդրոկայանների հիմնման մասին է խոսք գնացել նաև: Մենք մոտ ապագայում կտեսնենք այս ոլորտում համագործակցություն: Իհարկե նաև լուրջ քննարկումներ կան Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալների մեծացման հետ կապված:

Իսկ հիդրոքաղաքականության և ընդհանրապես տնտեսական հարաբերությունների ոլորտում համագործակցության հարցում խնդիրներ են առաջանում, քանի որ Իրանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ունի բավականին մեծ ընդհանուր սահման, իսկ այնտեղ անկայունության սպառնալիքներ կան: Լավ կլիներ, որ կայունությունը լիներ նաև այդ հարցում:

Սա ենթադրում է մի շարք այլ քաղաքական բնագավառում կայունացմանն ուղղված քայլեր: Դժվար կլինի, բայց կարծում եմ, որ տարածաշրջանում եղած ստատուս քվոն՝ ԻՊ-ի դեմ Իրանի հաղթանակը Ադրբեջանին էլ կստիպի հեռու մնալ իր միլիտարիստական քաղաքականությունից, և մի քիչ կայունություն կառաջանա հատկապես Անդրկովկասյան տարածաշրջանում:

-Պետք է նկատենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան այցից հետո խոսվում էր այն մասին, որ հայկական կողմը քննարկել է Իրանից գազ գնելու և Իրանի տարածքով թուրքմենական գազ տարանցելու հարցը: Ձեր տպավորությամբ՝ որքանո՞վ են իրականությանը մոտ այս խոսակցությունները:

-Չեմ կարծում, թե կկարողանամ դրանց իրատեսության չափը նշել, բայց որ գոյություն ունեն այդ բանակցություններն ու խոսակցությունները, փաստ է: Եվ կարող եմ ասել, որ մտադրություններն էլ կան իրանական կողմից:

Եթե Իրանի դեմ եղած պատժամիջոցներն էլ քչանան, կարծում եմ, Հայաստանն ավելի մեծ շահագրգռություններ կունենա Իրանի հետ փոխհամագործակցության հարցում:

-Խոսենք Հայաստան-Իրան քաղաքական հարաբերություններից: Այստեղ կարծես թե ոչ մի խնդիր չկա: Վերջերս միայն հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող զարգացումների, մասնավորապես ՀՀ արտգործնախարարի՝ Իսրայել այցի պատճառով հնչեցին կարծիքներ, որ հնարավոր է՝ Իրանին դուր չգա հայ-իսրայելական հարաբերությունների մերձեցումը: Իրականում՝ Իրանում ինչպե՞ս է ընկալվում հայ-իսրայելական հարաբերություններում եղած շարժը:

-Ոչ մի նման խնդիր չկա այստեղ: Բայց նաև պետք է նկատի ունենանք, որ Իրանը Հայաստանի համար կարող է ռազմավարական գործընկեր լինել միայն հզոր լինելու պարագայում, հզոր Իրանն է, որ կարող է լավ գործընկեր լինել:

Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ հարաբերություններին այդ դիտանկյունից պետք է նայի: Պատմական ու մշակութային անցյալը բավարար չէ, նոր քաղաքական ստատուս քվոյի լույսի տակ նաև պետք է դրվի այն մտայնությունը, որ Իրանի հզորացումը կարող է կայունացնել տարածաշրջանը:

Այս օրերին Իրանը պետք ունի դուրս գալ մեկուսացումից: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիվանագիտական շրջանակներում Իրանի վստահելիության չափը ցույց տալու առումով:

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

Տպել Տպել