«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքական կամքի դրսեւորման պահը

Նոյեմբերի 10-ին Վիետնամում հանդիպեցին Պուտինն ու Թրամփը: Հանդիպումից հետո տարածված հայտարարությունը վերաբերում էր միայն երկու երկրների համաձայնությանը Սիրիայի հարցերի կապակցությամբ, Սիրիայի ամբողջականությունը պահպանելուն: Սա սառցաբեկորի միայն երեւացող մասն է: Խորքային իմաստով երեւում է, որ ԱՄՆ ու Ռուսաստանը Վիետնամում ձեռք են բերել նաեւ այլ համաձայնություններ, որոնք չեն շրջանցել մեր տարածաշրջանը եւս:

Քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը դուրս է գալիս մինչ այս միջազգային մեկուսացման մատնված իր դիրքից եւ ստանձնում է անմիջական դերակատարություն տարածաշրջանային իրողություններում: Վերը նշվածի վկայությունը Սոչիում կայացած՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան համաձայնությունն է Սիրիայի վերաբերյալ, Լավրովի այցը Ադրբեջան եւ Հայաստան, ինչպես նաեւ երկու շաբաթվա ընթացքում Պուտինի երկու հանդիպումներն են Թուրքիայի նախագահի հետ:

Այս իրողությունների համայնապատկերում ուշագրավ է նաեւ անցյալ շաբաթ տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը, իսկ դրան զուգահեռ՝ զանազան կետերից հայանպաստ հայտարարությունների, ազդակների փոխանցումը:

Կարծես թե Հայաստանին տրվում է յուրահատուկ դեր՝ տարածաշրջանային իմաստով: Փոխվում է սովորական դարձած հարաբերությունների մակարդակը, նոր խնդիրներ են առաջ քաշվում, տրվում են նոր «առաջադրանքներ»:

Հայկական քաղաքական դաշտը ուրախ է այն բանից, որ այս փուլում եւս կարողացանք պահպանել ներկա իրավիճակը՝ ստատուս քվոն:

Անդրադառնանք մերօրյա պատմությանը եւ դասեր քաղենք ոչ հեռու անցյալից:

Նման իրավիճակի դեմ-հանդիման էր կանգնած Արցախը 1994-95 թվականներին: Հրադադարի հաստատմամբ ստեղծվել է մի կացություն, որտեղ ստեղծված իրավիճակը պահպանելու համար միջազգային դերակատար ուժերը եւ, նրանց հետ համահունչ, Հայաստանի իշխանությունները համաձայնել էին, որ Արցախի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայվեն խաղաղապահ զորքեր: Այդ օրերին Արցախը իր վճռական «ոչ»-ն ասեց՝ մերժելով խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկը: Ավելի քան 20 տարի է անցել այդ օրերից: Սահմանային իրավիճակը, որտեղ պետք է տեղակայվեին խաղաղապահները, մնացել է նույնը:

94-95 թվականներին Արցախն իր որոշմամբ բոլորին պարտադրեց, որ հարգեն Արցախի որոշում կայացնելու իրավունքը: Կասկածից վեր է, որ 20 տարիների ընթացքում խաղաղության պահպանումը եւ Արցախը որպես դե ֆակտո երկրի կայացումը կախված է հենց այդ քաղաքական կամք դրսեւորող կեցվածքից:

Միջազգային բեմահարթակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ հարաբերությունների ճշտումը Հայաստանին վերապահել է յուրահատուկ դերի ստանձնում: Հայաստանը կամա թե ակամա ստանձնում է Ռուսաստան-Ամերիկա հարաբերությունները կամրջող օղակներից մեկը: Դա հայկական աշխարհին տալիս է յուրահատուկ հնարավորություն, իսկ հնարավորությունից չօգտվելու պարագայում վտանգվում է ամեն ինչ: Հայկական աշխարհին տրված այս դերակատարությունը ստանձնելու առիթը չպետք է ծառայի այլ բանի, քան հայկական զույգ պետությունների ինքնիշխանության եւ անկախության ամրապնդմանն ու զարգացմանը:

«Ապառաժ»-ի խմբագրական,

30 նոյեմբերի, 2017թ.

aparaj.am

Տպել Տպել