Նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է EUWI+ Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արեւելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վահագն Խաչատրյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը եւ այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր քննարկել մեկնարկող EUWI+ ծրագրի բաղադրիչները:

Ողջունելով հյուրին եւ կարեւորելով առաքելությունը, որով վերջինս ժամանել է Հայաստան ` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարությունը ձգտում է ջրային ոլորտի կառավարման բնագավառում հասնել լավագույն արդյունքների եւ այդ առումով կարեւորել է դրան ուղղված Եվրամիության աջակցության ծրագիրը:

Բնապահպանության նախարարը մեկնարկող ծրագիրը դիտարկել է նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում, որում շրջակա միջավայրի պահպանությունը եւ հատկապես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առանցքային հարցեր են: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ոլորտում իրականացվում են նաեւ այլ աջակցության ծրագրեր եւ խնդիր կա դրանք համադրել մեկ ամբողջության մեջ` ծրագրից առավելագույն արդյունք ստանալու համար:

Դրա համար անհարժեշտ է դիտարկել ջրային ոլորտի բոլոր բաղադրիչները` հաշվառուման, գնահատման, մոնիթորինգի կարողությունների հզորացումը, կատարյալ ջրավազանային կառավարման պլանների մշակումը, Սեւանա լճի ինքնատիպ եւ արժեքավոր ջրային էկոհամակարգի պահպանությունը, ձկնաբուծական տնտեսությունների համար Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից տարեկան մոտ 800 մլն խմ ծավալը ոռոգման երկրորդական նպատակով օգտագործման անհրաժեշտությունը, ջրատար համակարգերի կատարելագործումը:

Մայքլ Սուտերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նկատել է, որ ծրագիրը ԵՄ արեւելյան գործընկերության երկրների շրջանակներում է իրականացվում եւ հանդիսանում է նախորդ ծրագրերի շարունակությունը: Նախորդ ծրագրերը իրականացրել են միջազգային խորհրդատվական կազմակերպությունները` հատկացնելով տեխնիկական աջակցություն, այս դեպքում Եվրամիության երկրներն են դրանք իրականացնում, որպես երկրների միջեւ գործընկերային հարաբերություն: Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարը նախապատրաստական փուլում հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը բարձր է գնահատել, ինչը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը` հավելելով, որ ծրագիրն այս փուլում ճկուն է եւ նախատեսված բյուջեն ըստ երկի պահանջների կարող է վերանայվել:

Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է, որ շահագրգռված է ծրագրի արդյունավետ իրականացման մեջ, որպեսզի այն ապահովի նմանատիպ ծրագրերի շարունակականությոնը եւ օրինակելի լինի այլ երկրների համար:

Նշենք, որ այս ծրագիրը գործում է 2016թ․ սեպտեմբերից։ Այն ուղղված է աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի եւ Մոլդովիայի ջրային ռեսուրսների եւ անդրսահմանային գետերի կառավարման բարելավմանը։

EUWI+ ծրագիրը իրականացվում է OECD, UNECE, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության եւ Ֆրանսիայի Ջրի միջազգային գրասենյակի կողմից։ 2016-2020 թթ․համար պլանավորվել է գործողությունների որոշակի ծրագիր։

Այս ծրագրերի իրականացման բյուջեն 6 երկրների համար կազմում է մոտ 25 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է Եվրոմիության, Ավստրիայի եւ Ֆրանսիայի կառավարությունների կողմից։ Բյուջեի մոտավորապես 1/6 հատկացվելու է Հայաստանը:

mnp.am

Տպել Տպել