Արմեն Ռուստամյանը՝ համայնքապետերի չարաշահումների մասին

Նախագահի հորդորն ուղղված է նրան, որ բոլորը ձգված աշխատեն. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՏԻՄ-երին նվիրված խորհրդաժողովում նախագահ Սարգսյանի հայտարարությանը, որ գողացող համայնքապետերն այլևս չեն ներվելու, և ամոթ է, որ նման երևույթ կա:

Պատգամավորը չբացառեց, որ որոշ համայնքապետեր իրենց դիրքը չարաշահել են, և այդ մասին է բարձրաձայնել նախագահը: «Մարզպետերը, նախարարները պետք է ոչ թե փորձեն հովանավորել այդպիսի համայնքապետերին, այլ պետք է վերահսկել. ես նախագահի հայտարարությունն այդ ուղղությամբ եմ տեսնում: Սա էլ պետք է կատարվի, կարգավորվի ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով»,- նշեց նա:

Ռուստամյանը նշեց, որ նոր Սահմանադրությունը, նոր համակարգը հենց նման երևույթները բացառելու համար են: «Եղել են ահազանգեր, որոնց մասին բոլորս գիտենք, բայց դրանց հետևից գնացող չի եղել։ Նախագահն ասում է, որ այսուհետ գործընթացն իր հունով ընթանալու է»,- նշեց նա։

Դիտարկմանը` նախագահը հայտարարել է, թե ամոթ է թալանելը, իսկ ամոթը Սահմանադրությամբ սահմանված պատիժ չէ, Ռուստամյանն արձագանքեց, որ Սահմանադրությամբ չէ, որ ամեն մեկը պետք է իր ելույթները կառուցի: «Այս հայտարարությունը նախազգուշացում է, որ պետք է վեր հանվեն նման երևույթները»,- ասաց նա:

Բացի այդ` պատգամավորի կարծիքով` ելույթը նրան էր ուղղված, որ նոր տարուց հետո պետք է բացառվեն նման բաները, իսկ ապրիլից հետո բոլորովին այլ կերպ է լինելու:

«Բոլորս էլ գիտենք, որ տարել են ու չեն բռնվել: Ինչո՞ւ, որովհետև համակարգն է թույլ տալիս: Ես փաստերն եմ արձանագրում: Մենք գիտենք դրա մասին, եղել են այդպիսի դեպքեր ու չեն բռնվել, պատճառներն էլ գիտենք, թե որտեղ են: Ապրիլից հետո դատական իշխանությունը, որ մենք պետք է ձևավորենք, չի ղեկավարվելու մեկ կենտրոնից, դատարանները մտնելու են իրենց ֆունկցիայի մեջ»,- հայտարարեց Ռուստամյանը:

Հարցին` այս պահին դատախազությունը պե՞տք է զբաղվի նախագահ Սարգսյանի հայտարարությամբ, նա պատասխանեց` իհարկե, պետք է արձագանքի: «Ոչ միայն պետք է նախագահի հայտարարությունից հետո արձագանքեին, այլ նրանց սրբազան պարտքը պետք է լիներ, որ ժամանակին դրանով զբաղվեին»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` համակարգի` ամբողջությամբ փոփոխությունից հետո ոստիկանության ամեն մի աշխատող էլ, որ իմանա երկրում բան է փոխվել, մեկ հոգի չի որոշում ամեն բան, հազար կողմից իրեն կարող են վերահսկել, նորմալ կկատարի իր պարտականությունները:

«Նախագահը երևի հորդորում է, որ այդ գործերն իսկապես իրենց ընթացքի մեջ մտնեն, սահուն անցում կատարենք այն համակարգին, որը գալու է: Հին մեթոդներն ու կարգերը վերացել են, Հայաստանը նոր կարգով է ապրելու»,- ասաց Ռուստամյանը:

Նա նաև անդրադարձավ հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ական գող համայնքապետեր կան: Պատգամավորն ընդգծեց, որ նախ` նման փաստ չկա, բայց, որպես դաշնակցական, եթե նման բան պարզվի, պատասխանատվության կենթարկեն այդպիսի դաշնակցական գյուղապետին:

Հարցին էլ` համաձա՞յն է, որ ձուկը գլխից է հոտում, Ռուստամյանը պատասխանեց, որ ձուկն ամեն տեղից էլ հոտում է:

Ամփոփելով խոսքը` նա նշեց, որ իրենք միշտ էլ բարձրաձայնել են, որ «բուրգի» մեջ արատավոր երևույթներ կան:

Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք խորհրդարանական համակարգը հնարավորություն կտա պայքարելու, օրինակ, ՍԱՍ-ի Արտակի եղբոր դեմ: Հիշեցնենք` ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների ժողովի ժամանակ Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) եղբայրը աշխատակցիներին սպառնում էր ազատել աշխատանքից, եթե ձայներ չապահովեն Արտակ Սարգսյանի համար:

Ռուստամյանը պատասխանեց, որ բոլորի դեմ էլ հնարավոր է պայքարել: «էդ ո՞վ դարձան, որ հնարավոր չլինի պայքարել», – ասաց նա:

Դիտարկմանը` ընտրությունները կեղծվել են, պատգամավորն արձագանքեց. «Բայց ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել: Այս ընտրությունների ժամանակ է, որ լցոնումներ չեն եղել, եղել է միայն ընտրակաշառք: Ընտրակաշառք վերցնելն ունի oբյեկտիվ պատճառներ, որովհետև մարդիկ վաղուց դադարել են հավատալ ընտրություններին ու նախընտրում են 10 հազար դրամ վերցնել ու սին հույսեր չկապել, որ իրենց ձայնով բան կարող են փոխել։ Մենք էինք, որ ասում էինք՝ քվեն ուժ է, մարդիկ դա հիմա չեն կարողանում հասկանալ, իսկ հիմա երբ տեսնեն, որ ընտրություններն իրենց քվեից են կախված, կմտածեն՝ արդյո՞ք 5000-10000-ով այդ քվեն արժե բաժանել»։

Ռուստամյանի կարծիքով` 2018-ից ընտրություններն ավելի արդար կլինեն, չի լինի նաև ընտրակաշառքի գործոնը, իսկ ընտրակաշառք բաժանողների ձեռքը հնարավոր կլինի բռնել, քանի որ ամեն ինչ չի կառավարվի միայն մի մարմնի կողմից։ «Երբ լինի ոչ մեկ կենտրոնից ղեկավարվող իրավական համակարգ, ոստիկանություն, ապա մենք կբռնենք նրա ձեռքը, ով ընտրակաշառք է բաժանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է նաև ընտրակաշառք վերցնողին բացատրել, որ իր արածը ևս հանցագործություն է։

Տպել Տպել