Քննարկում գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները թեմայով

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մոտ դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Քննարկմանը մասնակցել են ինչպես մարզի, այնպես էլ գյուղատնտեսության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Ֆինլանդիայից ժամանած միջազգային փորձագետը:


Ողջունելով մասնակիցներին Շիրակի մարզպետը նշել է, որ քննարկման նպատակը ոլորտի հիմնախնդիրների լուծման համար նոր տարբերակների մշակումն է, նախատեսված ու նախանշված ծրագրերը ճիշտ ուղղությամբ տանելն ու իրականացնելը: «Ես բազմիցս եմ ասել, որ Շիրակի մարզի զարգացման ռազմավարությունում կարևոր ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, դրա արդիականացումը, ավանդական մշակաբույսերից ավելի բարձրարժեք կուլտուրաների մշակման անցումը: Այստեղ պետք է մասնագիտորեն քննարկել, թե գյուղատնտեսության, հատկապես, որ ուղղությունն է մեր մարզի համար նախընտրելի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում դրական արդյունքներ գրանցենք: Եթե ներդրումներ լինեն, ապա արդյունքները սպասեցնել չտան»:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանի համոզմամբ այսօրինակ քննարկումները հնարավորություն կտան ճիշտ ուղու վրա կանգնել: Մասնագետները քննարկել են մի քանի ուղղություններում հանրօգուտ ներդրման մեխանիզմների զարգացման հեռանկարը, մասնավորապես, անդրադարձ է եղել մարզում անասնապահության ու դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ուղղությանը, ինչպես նաև մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողների գիտելիքների բարձրացմանը, հացահատիկային մշակաբույսերի աճեցման նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը:

shirak.mtad.am

Հանդիպում Շիրակի մարզի կրթության բնագավառի պատասխանատուների, մի շարք ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչները, և Ֆինլանդիայից ժամանած միջազգային փորձագետը դեկտեմբերի 13-ին հանդիպել են Շիրակի մարզի կրթության բնագավառի պատասխանատուների, մի շարք ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ՝ հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները ոլորտում քննարկելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառին առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է եղել բնագիտական առարկաների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն դարձնելուն: «Որևէ մեկի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին տարիներին ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում բնագիտական առարկաների գծով գիտելիքների նվազում է նկատվում աշակերտների մոտ, սա իսկապես մտահոգում է բոլորին: Կառավարությունն այս խնդրով նույնպես մտահոգ է: Բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրվածության ու գիտելիքների մակարդակի բարձրացումն առաջնային է համարում»,- խոսքում նշել է Արթուր Խաչատրյանը:

Ըստ Շիրակի մարզպետի մարզում իրականացվելու է հանրօգուտ ներդրման պիլոտային ծրագիր, որի ընթացքում առանձնակի կարևորություն է տրվելու մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներին: «Տեխնոլոգիական այս դարաշրջանում սրանք այն առարկաներն են, որոնց հանդեպ պետք է ուշադրություն լինի: Ես հասկանում եմ, որ անելիքներ կան, բայց նաև վստահ եմ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում մենք կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- ավելացրել է պարոն Խաչատրյանը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մասնագետներն էլ ընդգծեցին, որ Հայաստանն իր առջև խնդիր ունի դրած մինչև 2030 թվականը կրթության որակը երկրում նշանակալիորեն բարձրացնելուն, ինչի համար էլ քայլեր պետք է ձեռնարկվեն` հաշվի առնելով յուրաքանչյուր կարծիք ու մանրուք:
Մասնակիցներն այնուհետ լսել են ոլորտի պատասխանատուների ու տնօրենների կարծիքները, որոնք առնչվում էին ուսուցիչների վերապատրաստմանը, նոր դասագրքերի մշակմանը, դասերի կազմակերպման նոր մոտեցումներին և այլն:

shirak.mtad.am

Տպել Տպել