ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հետ քննարկվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական և շրջանային կոմիտեների պատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր:

Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության համար, նշել է, որ կուսակցությունում քննարկումներ են եղել գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի վերաբերյալ: «Նկատի առնելով այն հանգամանքը, որ փաստութուղթը դեռևս պաշտոնական շրջանառության մեջ չէ և քննարկման որոշակի փուլ անցնելու անհրաժեշտություն կա, մենք անցյալ շաբաթ նախաձեռնել ենք քննարկում»,- մասնավորապես ասել է Դավիթ Իշխանյանը և ավելացրել է, որ քննարկումն անցել է բավականին կառուցողական և արդյունավետ մթնոլորտում, հնչել են բազմաթիվ հարցեր, առաջարկներ և անհրաժշետություն է առաջացել նախաձեռնելու այս ձևաչափով հանդիպում՝ ոչ միայն մտքեր փոխանակելու, տեսակետներ ներկայացնելու, այլ նաև հայեցակարգն երկուստեք ավելի խորությամբ ընկալելու առումով:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ մշակվող հայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: «Արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, և առաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենք կիրակման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրային քննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականության հիմնական փաստաթուղթը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու է այն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին:

Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգման ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին:

Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան պետնախարարին ուղղելու իրենց հուզող հարցերը: ՀՅԴ ներկայացուցիչները բարձրացրել է գյուղատնտեսության ապահովագրության, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, գյուղական ճանապարհների բարեկարգման խնդիրները, առաջարկ է հնչել անհատական փոքր ծրագրերի վրա պետական միջոցները փոշիացնելու փոխարեն ավելի մեծ ծրագրեր իրականացնել՝ ուղղված տեղերում գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմանը և իրացմանը:

aparaj.am

Տպել Տպել