ՀՅ Դաշնակցության 127-ամյակի տոնակատարություն Արցախում

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել ՀՅԴ 127-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ԼՂՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, կուսակցական ընկերներ եւ հյուրեր:

ՀՅ Դաշնակցության 127-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անունից ելույթ է ունեցել ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը, ով ներկայացրել է Արցախում ՀՅԴ գործունեությունը՝ շեշտելով նաև ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը Արցախի ճանաչման և Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքներում: Վերջում Վահրամ Բալայանը շնորհավորել է ՀՅԴ օրվա կապակցությամբ և նշել. «Հայաստանի Առաջին Հանրապետության և Արցախի պետականության վերակերտման 100-ամյակին ընդառաջ հար և նման հարցերի լուծումը հնարավորություն կտա Արցախի Հանրապետությունը դարձնել բարգավաճ ու անվտանգ երկիր»:

Ապա ելույթ է ունեցել ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, ով Արցախի ժողովրդավարական կուսակցության անունից շնորհավորել է ՀՅԴ 127-ամյակը՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն, ի փառս հայրենիքի զորացման ու բարգավաճման: Վարդգես Բաղրյանը անդրադարձել է եկող տարի ՀՀ Առաջին հանրապետության 100-ամյակին. «Հայտնի է, որ այս Հանրապետության հիմնադիրը ՀՅԴ է, որն այդ ծանր ժամանակներում իր վրա վերցրեց այդ մեծ պարտականությունը: Նա ևս կարևորել է Դաշնակցության գործունեությունն Արցախում:

Տոնակատարության ընթացքում իր մաղթանքն է հղել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պարգև սրբազանը շեշտել է՝ «Դաշնակցությունը լծված էր պետականաշինության գործում, ընդգրկված էր ազատագրական պայքարում, հերոսներ և նահատակներ տվեց և ունի մեկ երազանք, այն, ինչի միասին երազում է ամեն մի հայ՝ ունենալ միացյալ, ազատ, անկախ պատմական Հայաստան»: Իր ելույթի վերջում սրբազան հայրը Դաշնակցությանը մաղթել է նորանոր հաջողություններ և մեր բոլորի միացյալ երազանքների իրականացում:

Օրվա գլխավոր բանախոս էր ՀՅԴ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ով իր ելույթում, վերլուծելով միջազգային և տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, կարևորել է ՀՅԴ օրվան նվիրված միջոցառման ժամանակն ու վայրը: Շահան Գանտահարյանը անդրադարձել է Հայաստանի պետականության վերականգնման, 1918 թ. մայիսյան հաղթանակների ուղղությամբ Դաշնակցության ստանձնած դերին: Ապա անդրադարձել հայկական զույգ պետությունների զարգացման ընթացքին և այդ ուղղությամբ Դաշնակցության մոտեցումներին: Ապա Շահան Գանտահարյանը մանրամասն ներկայացրել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքները, շեշտելով ժամանակակից աշխարհում ցանցային կառույցի առավելությունը՝ նա նշել է. «Դաշնակցությունը հայաստանյան, արցախյան և աշխարհատարած կառույցներով ու Հայ Դատի կառույցներով ցանցային այն համակարգն է, որ հայրենակենտրոն նպատակաուղղված գործունեություն է իրականացնում ի խնդիր մեր զույգ պետությունների հզորացմանը: Դաշնակցության հովանու ներքո գործող Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները իրողապես վերածվել են ԱՀ դեսպանությունների, Դաշնակցության մամուլն ու լրատվադաշտը շարունակելու են իրենց սյունյակների առաջին տեղերը տրամադրել արցախյան լրատվությանը»: «Դաշնակցության քարոզչության մարմինները տարբեր երկրների պետական և հասարակական շրջանակների մեջ աշխատելու են առարկայորեն լուսաբանել հակամարտության էությունը՝ հակադարձելով հակառակորդների ապատեղեկատվությանը»: Շահան Գանտահարյանը իր ելույթի վերջում հավաստել է՝ «ծառայում ենք Արցախի Հանրապետությանը»:

Տոնակատարության ավարտին Արցախի պետական նվագախմբի լարային քառյակի և դաշնակահար երաժիշտ Սիմոն Սարգսյանի կատարմամբ հնչել է դասական երաժշտություն, ապա 4 երգի կատարմամբ ելույթ է ունեցել Գևորգ Հաճյանը՝ Մարինե Բարխուդարյանի նվագակցությամբ:

Հանդիսության նախասրահում ցուցադրվել են 100 տարի առաջ տպագրված ՀՅԴ «Ապառաժ» կոմիտեի օրգան «Ապառաժ» թերթի ցուցանմուշներ:

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանի ելույթը՝ դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 127 ամյակի տոնակատարությանը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԷՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՆՈՒՆԴ Է/h3>

Ամեն տարի նշելով Դաշնակցության օրը՝ ինչ որ մի տեղ ժողովրդին յուրօրինակ հաշվետվություն է տրվում կուսակցության անցած ճանապարհի, կատարածի մասին: Բայց այդ օրը մեզ համար առավել շատ ծառայում է որպես հարթակ՝ ներկայացնելու ոչ հեռավոր ապագային միտված մեր անելիքներն ու ճշգրտելու դրանց հասնելու միջոցները:

ՀՅԴ ամեն մի անդամի համար արդեն կարգախոսի նշանակություն ունի «Դաշնակցությունն ու Արցախը բնական դաշնակիցներ են» ասույթը: Բայց այդ ամենը ոչ միայն կարգախոս ու ասույթ են, այլ հստակ գործողության ծրագիր:

Այդ ծրագրային դրույթները գործողության մեջ են դրվել դեռևս 20-րդ դարի սկզբներից, երբ Դաշնակցությունը որպես կառույց սկսել է գործել Արցախում: Դաշնակցության և արցախահայության գործողությունների համադրումը պատահական չէ, որովհետև Դաշնակցությունը մեր ժողովրդի էությունից բխող արժեհամակարգի ծնունդ է:

ՀՅ Դաշնակցության համար բարձրագույն արժեքներ են մարդը, նրա ազգային արժանապատվությունն ու իրավունքը:

Այդ տեսանկյունից՝ 19-րդ դարի վերջերից Դաշնակցությունը հայության մեջ ոչ միայն իր ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնեց, այլև իր հայրենիքում ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու գաղափարը ներարկեց:

Պատահական չէ, որ այդ օրերին Ցարական Ռուսաստանի հատուկ ծառայություններն արձանագրում էին, որ «Դաշնակցությունը պետություն է պետության մեջ»:

Մինչև 1918 թ. մայիս ամիսը՝ Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության ասպարեզ գալը, որը հետո ստացավ Ադրբեջան անունը, 1917 թ. դեկտեմբերին ռուսական կայսրության տարածքում քաղաքական քաոսի պայմաններում Դաշնակցության Արցախի կառույցին հաջողվեց վերակերտել պետականությունը, որի իրավասությունները տարածվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքսի ափերը: Եվ հենց այդ քաղաքական հանգամանքով էր, որ ԽՍՀՄ կազմում արցախահայությունն ինքնավար կարգավիճակ ստացավ: Ճակատագրի բերումով նորօրյա ժամանակներում Դաշնակցությունը նորից կանգնեց ազգային ազատագրական պայքարի և պետականակերտման ակունքներում: Արցախի Հանրապետության կազմավորումն իրագործվեց գործող օրենքների և համամարդկային արժեքների շրջանակում:

Արձանագրելով այս փաստերը՝ մենք միանշանակ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն կարող ենք լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այլ նաև տարածքային ամբողջականության սկզբունքով:

Այսօր Արցախի Հանրապետության միջազգային իրավական տեսանկյունից ճանաչումը ՀՅԴ բոլոր կառույցների համար գերխնդիր է համարվում: Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը երաշխավորող կարևոր գործոնն է: Առ այդ՝ ՀՅԴ Արցախի կառույցը հանրապետության իշխանությունների հետ համադրաբար առաջիկայում Հայ Դատի գրասենյակների միջոցով լայնածավալ աշխատանք կկատարի արցախահայության արդար դատը պաշտպանելու համար:
Մենք լայնածավալ աշխատանք ունենք կատարելու Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քարոզչությունը և լոբբիստական աշխատանքը չեզոքացնելու ու Արցախը աշխարհին ընկալելի դարձնելու ասպարեզում:

Սփյուռքահայությանը արցախահայ պետականակերտման գործընթացում լիարժեք ներգրավելու հարցը մեր օրակարգի առանցքային մասն է կազմում:

Ժողովրդի անվտանգությունը, պետության պաշտպանվածությունն ու բանակի մարտունակության բարձրացումը մեր հանրության բոլոր շերտերի և նրա մի մասնիկը հանդիսացող ՀՅԴ-ի գերխնդիրն է համարվում:

Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ՝ անխոցելի կդարձնեն հայկական զույգ հանրապետությունները:

Դաշնակցության Արցախի կառույցը քաջ գիտակցում է, որ երկարատև խաղաղություն պահպանելու գաղտնիքը կայուն, համաչափ զարգացող երկիր ունենալու մեջ է: Դաշնակցության համար Արցախի Հանրապետության կայացումը կյանքի նպատակ է:

Մենք մեր գործունեության մեջ կուսակցական շահը ստորադասել ենք պետականին: Այդ տեսանկյունից՝ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ համագործակցելու Արցախի քաղաքական, հասարակական այն բոլոր շահագրգիռ ուժերի հետ, որոնց գործունեության առանցքն է կազմում ժողովրդավարական երկրի, դիվերսիֆիկացված տնտեսության վրա խարսխված սոցիալական պետության գաղափարները:

Պետական կառավարման ոլորտի անընդհատ կատարելագործումը, կրթության, գիտության, ազգային մշակույթի զարգացումը, այդ ամենի մեջ պետության կարգավորիչ դերի բարձրացումը մեզ համար օրախնդիր է:

Գտնում ենք, որ մեր երկրի բնակավայրերի զարգացման, գյուղերի հզորացման նպատակով վերաբնակեցման քաղաքականությանն անհրաժեշտ է տալ համաարցախյան բնույթ:

Սիրելի ընկերնե՛ր, հարգելի ներկանե՛ր, շնորհավորում եմ ձեզ Դաշնակցության օրվա կապակցությամբ: Հայաստանի Առաջին Հանրապետության և Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին ընդառաջ՝ հար և նման հարցերի լուծումը հնարավորություն կտա Արցախի Հանրապետությունը դարձնել բարգավաճող և անվտանգ երկիր:

Տպել Տպել