Արթուր Խաչատրյանը համայնքների ներդրումային ծրագրերի մասին

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգի հաստատմանը՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դրական համարեց, որ խաղի կանոններն ավելի հստակեցվել են, դա համարեց անհրաժեշտություն, քանի որ ներդրողների և ֆինանսավորում ստանալ ցանկացողների համար հիմա ամեն ինչ ավելի պարզ կլինի:

«Լիահույս ենք, որ խաղի կանոնների ավելի հստակեցնելը կբերի նրան, որ ավելի շատ ներդրողներ կմասնակցեն ծրագրերին: Այսինքն՝ այս գործընթացն ուղղված է վարկունակ բիզնեսները բացահայտելուն և նրանց պետական աջակցություն տրամադրելուն»,-ասաց նա և նշեց, որ այս ծրագիրը որոշակի կատեգորիայի մարդկանց համար են, ովքեր բիզնեսով զբաղվել են և պատրաստ են սեփական ռիսկի մասնաբաժինը ստանձնել։

Հիշեցնենք, որ կառավարության նիստին մարզերում ներդրումային ծրագրերի մշակման շրջանակներում 2017 թվականի օգոստոս ամսվա դրությամբ ներկայացվել են մոտ 170 ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք ըստ վարչապետի՝ շատ խայտաբղետ են:

Շիրակի մարզպետը հայտնեց, որ իրենց մարզից շուրջ 15 ծրագիր է ներկայացվել և նշեց, որ պետական ծրագրերի առումով հիմնականում մարդկանց զգալի մասի մոտ թյուրըմբռնում կա: Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա նա ասաց, որ ներդրումների համար կարող են բարենպաստ լինել գյուղատնտեսական վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված ծրագրերը:

«Արդեն ներդրողները կտեսնեն, թե համապատասխանո՞ւմ են սահմանված չափորոշիչներին, թե ոչ: Ընդհանրապես մարզերում շահավետ ներդրում կարելի է կատարել բոլոր ոլորտներում: Մեր մոտ հիմնական պոտենցիալը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումն է, արդյունաբերությունը, գյուղատնտեսության վերամշակումը, տեքստիլ արդյունաբերությունը, տուրիզմը»,-ասաց նա և նշեց, որ ներդրումների պոտենցիալ մարզը ունի:

Հաջողված ծրագրերից Արթուր Խաչատրյանը համարեց «Շիրակ» հյուրանոցի կառուցումը, որի համար գույքը համայնքը տրամադրել է, և հիմա արդեն աշխատանքները վերջնական փուլում են: Նա նաև խոշոր ծրագիր համարեց մարզում մարզամշակութային համալիրի գործարկումը:

Տպել Տպել