Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն, ինչ քանդված է

Ժիրայր Ռեիսյանը՝ Սիրիայում հայ համայնքի կորուստների մասին

Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին: Տարին լի էր դժվարություններով, բայցև՝ դրական զարգացումներով: Ժիրայր Ռեիսյանը կարևոր է համարում դեռ 2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը, որը հույս ներշնչեց հետագա դրական զարգացումների ակնկալիքներ ունենալու համտեքստում: Դրական զարգացումները սպասեցնել չտվեցին, շուտով ազատագրվեց Դեր Զորը, որը, լինելով համահայկական ուխտավայր, կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար:

«Ճիշտ է Դեր Զորում հայկական համալիրը քաղաքի բազմաթիվ շենքերի նման ահաբեկչության թիրախ է դարձել, սակայն Հալեպի մեջ և այլուր մենք հաստատակամ ենք ու ամբողջական հավատքով լցված, որ պետք է վերակառուցենք այն, ինչ քանդված է: Իրականության մեջ չենք կարող ասել, որ պատերազմը վերջնական ավարտված է, սակայն եղան հաղթանակներ և ձեռբերումներ, և կարող ենք ասել, որ Սիրիայի գլխին կուտակված ամպերը ցրվում են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Խոսելով Հալեպում եղած իրավիճակի մասին՝ պատգամավորը նշեց, որ նախորդ տարիների համեմատ անցնող մեկ տարվա ընթացքում պատկերն այլ է եղել: Հալեպը երկար ժամանակ հոսանքից զրկված էր, այսօր, թեկուզ ոչ ամբողջ օրը, սակայն մի մասով լուսավորում կա: Ջրամատակարարումն արդեն բնականոն ընթացք ունի: «Արդեն ջրի տագնապը չկա, հուսանք, որ մեր բոլորի համար այն չի կրկնվի: Քաղաքի մեջ զինվորական երևույթները գրեթե վերացված են, նվազագույնի է հասցված: Կյանքը վերարդարձած է իր բնականոն հունին: Ճիշտ է տնտեսական դժվարություններ կան, սակայն պետությունը և ժողովուրդը միասնական են: Ներկայում իրականցվում է քանդումներից գոյացած հողակույտերի դուրս բերումը: Կարող ենք ասել, որ վերակառուցման փուլն է սկսել: Մարդիկ քիչ-քիչ վերականգնում են իրենց տները, գործատեղերը: Մոտ ապագայում մարդիկ ավելի հաստատակամ կվերադառնան նախկին օրերին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: Հայ համայնքն ուսումնասիրել ու հաշվառել է վնաս կրած հայկական հաստատությունները և փուլ առ փուլ դրանք վերականգնում է: Հալեպում գտնվող նշանավոր «Կարեն Եփփե» ազգային ճեմարանի շենքը, որ ռազմական գործողությունների կիզակետում էր, վնասվել էր: Այժմ կառույցի մի մասնաշենքը վերականգնված է, աշակերտներրը վերադարձել են իրենց դասերին: Առաջիկայում կվերականգնվի երկրորդ շենքը:

Իսկ ճանապարհներն ընդհանուր առմամբ անվտանգ են: Հազվադեպ կարող են «անակնկալներ» լինել, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհներն ապահով են: Հալեպում հայկական կյանքը կրկին իր բնական հունով ընթանում է՝ միություններ, ակումբներ, մշակույթի տներ, իրենց աշխատանքին են վերադարձել: Չնայած, Ժիրայր Ռեիսյանը նկատում է, որ այն դժվարին ժամանակներում էլ դրանք գործում էին: «Հայկական դպրոցները, եկեղեցիները պատերազմի տարիներին չփակեցին իրենց դռները: Կարելի է ասել, որ այս ընթացքում ազգային կյանքը ոչ մի ձևով չի ընկրկվել: Հիմա հայկական կենտրոնները, ակումբներն ավելի ակտիվ են սկսել գործել: Մանավանդ, որ տոնական շրջան է, քաղաքը փոքր-ինչ ամանորյա զարդարանքի, լուսավորության մեջ է: Հայկական ակումբներն աշխուժացել են ամանորյա միջոցառումներով»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբեում է Հալեպի ազատագրումից հետո բնակիչների, տեղի հայերի տեղաշարժերին, ապա Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր վերադարձել են, որոշների վերադարձն ընթացքի մեջ է: Վերադառնում են Հալեպից դուրս եկած և Սիրիայի այլ քաղաքներ տեղափոխված մեր հայրենակիցները, նաև նրանք, ովքեր ժամանակավոր բնակվում էին Լիբանանում, Հայաստանում, արևմտյան տարբեր երկրներում: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ թիվը կավելանա:

Աննա Գզիրյան

armenpress.am

Տպել Տպել