Տերյանի նամակը Սոնա Օթարյանին

1906 9/1 Ալեքսանդրապոլ

1920 թվականի հունվարի 7-ին, հեռավոր Օրենբուրգում, մահկանացուն կնքեց հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանը: Կյանքի մեծ մասը անցկացնելով հայրենի եզերքից հեռու Տերյանը մշտապես ապրեց հայրենիքով, իրականացրեց ակտիվ ազգային-հասարակական եւ քաղաքական գործունեություն: Կարելի է հիշել թեկուզ այն փաստերը, որ նա 18-19 թվականներին եղել է Բոլշեւիկյան Ռուսաստանի Ազգությունների գծով ժողովրդական կոմիսարի տեղակալը, մասնակցել է Բրեստ Լիտովսկի բանակցություններին, մասնակցել է «Թուրքահայաստանի մասին Դեկրետի» կազմման աշխատանքներին՝ կատարելով անմիձականորեն Լենինի հանձնարարությունը:

Տերյանը Բոլշեւիկյան կուսակցությանը հարեց Ռուսաստանում վերջիններիս հաղթանակից հետո, այս եւ իրականացրած մյուս քայլերով փորձելով օժանդակել հայկական հարցի լուծմանը: Բայց տեղի ունեցավ հակառակը եւ , Թումանյանի լեզվով ասած ՙհին ցարին փոխարինած նոր ընկերից՚ հիասթափված, պաշտոնից հեռացված հիվանդ գործիչը առողջության համար անհաղթահարելի գործուղման մեկնեց Թուրքմենիա, որի Ճանապարհին էլ կնքեց մահկանացուն:

1905-1906 թվականների հայ թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅ Դաշնակցությունը ողջ Անդրկովկասում ոչ մ իայն ինքնապաշտպանություն էր կազմակերպել, այլեւ ծավալել էր լայն քարոզչական-ցուցական գործողություններ՝ գործադուլներ, ցույցեր եւ այլն: Երիտասարդ Դաշնակցական Տերյանը 1906 թվականին, որպես «պրոպագանդիստ» քարոզչական աշխատանքներ է իրականացրել Շիրակի դաշտավայում: Ներկայացվող նամակը գրվել է հենց այս օրերին՝ Ալեքսանդրապոլում:

Սոնա,

նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի, այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել: Վերջերս այդ անիծյալ գործադուլը մեր նամակագրությունն էլ դադարեցրեց: Ճեմարանում էլ ուսումը դադարեց եւ ես եկա Կովկաս: Թիֆլիսում մտա Դաշն. Կազմակերպության մեջ իբրեւ պրոպագանդիստ: Ուզում էին այնտեղ թողնել բանվորների մեջ պրոպոգանդ անելու, բայց չմնացի: Մակինցյանը մոտս է: Եկանք Ալեքսանդրապոլ: Մինչեւ այժմ շրջում էինք գյուղերում: Նոր ենք վերադարձել եւ այժմ մեզ ուզում են պահել քաղաքում՝ պրոպագանդի: Երեւակայեցեք ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն եւ չեմ սխալվի, եթե ասեմ, որ նույնիսկ Կենտրոնական Կոմիտեի անդամները կարոտ են պրոպագանդի: Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ, որ թեեւ գիտես, որ շատ սուղ է քո պաշարը, բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց: Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է եւ շիտակ, այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է: Ճիշտ է, կանանցով շատ է տարվում, բայց Սոնա, ճիշտն ասած մեզանից տղամարդկանցից ո՞րը չի տարվում եւ եթե ուրիշները սուրբ են երեւում, դա միայն նրանից է, որ նրանք դիմակի տակ են լինում: Ավետիքը անմիջական զգացմունքի եւ տրամադրության մարդ է եւ իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն:

Նրա բանաստեղծություններն էլ-անմիջական զգացմունքի արտադրություն են: Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները եւ վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ: Ծննդին Ղազարապատ գյուղում էինք: Ավետիքը այնտեղ պահած ունի մի մեծ պոեմ /մոտ 200 երես / «Մասսա մանուկը» վերնագրով, որ թաղած է եղել հողի տակ մի քանի տարի վախենալով խուզարկությունից:

Ահա այդ պոեմը պիտի կարդար մեզ համար եւ դրա համար մենք Անիից վերադառնալիս եկանք Ղազարապատ, ուր ապրում էր նրա եղբայրը եւ, ուր նրանք կալվածքներ ունեն: Բայց Ավետիքը այդ օրերը գնացել էր գործով Թիֆլիզ եւ չեկավ. Մենք այնտեղ մնացինք մի քանի օր եւ վերադարձանք քաղաք: Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ՝ Լեւոն Մանվելյանը, որի մոտ էլ լինում եմ: Ամսույս վերջին կգնամ Մոսկվա, որովհետեւ ուսումը երեւի կսկսվի եւ հաշիվներս վերջնականապես կվերջացնեմ ճեմարանի հետ: Այստեղի դեպքերի մասին կարդացած կլինեք լրագիրներում: Արդյոք միտք չունե՞ք գալու: Շատ լավ կլիներ, եթե Մոսկվա գայիք: Միջոցներ ունենայի ես էլ կգայի արտասահման ամառս, բայց…
Շրջեցի շատ գյուղեր, ընդունում էին լավ, եւ այստեղ էլ բավականին մեծ պատիվ ենք վայելում: Նամակս երեւի ստացած կլինեք Անիից, դիտմամբ ՙզակազնոյ՚ գրեցի, որ հասնի անպատճառ: Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում-ՙԴավաճանություն՚: Երեւակայեցեք սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում, որ ես սպասում էի տաղանդավոր խաղ, այնինչ նա այնքան թույլ էր, որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց: Վրույրը հիանալի էր:

Այստեղի արյունալի դեպքերի մասին կգրեմ միայն այնքանը, որ դժբախտաբար նոքա արդեն սովորական են դարձել, այնպես որ այնքան էլ ուշք չես դարձնում: Մերոնք լավ են այժմ բավականին զինված են: Մանավանդ ՙԴաշնակցությունը՚ մեծ դեր է խաղում եւ իմ խորին համոզմունքով, եթե չլիներ նա շատ տեղերում ոչ մի հայ չէր մնա:

Թիֆլիզի ընդհարումների ժամանակ այնտեղ էի եւ աչքովս տեսա Դաշնակց. Կատարած դերը: Կռվի մեջ Դաշնակց. իրան հավասարը չունի, բայց պրոպագանդի մեջ շատ թույլ է: Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում եւ շատ ձանձրալի է կյանքը, միայն գործն է, որ քիչ կենդանություն է տալիս այստեղի կյանքին: Շնորհքով մարդիկ էլ չկան, որ մարդ կարողանա հետները խոսել գոնե: Մոսկվայի դեպքերի մասին կարդացի: Երեւակայեցեք, ռմբակոծել են հենց այն տունը, որի մեջ մի ժամանակ մինչեւ Կովկաս գալս ես ապրում էի: Ճակատագիրը ինձ ազատել է չգիտեմ ինչու համար: Ռուսաստանում այնպիսի քաոս է տիրում, որ մտքերս էլ են սրվել եւ ես չգիտեմ նույնիսկ թե ինչ գրեցի:

Տպավորությունները այնքան շատ են, որ չգիտես որը գրես եւ վերջապես ոչինչ չես գրում: Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել, այնպես որ վերջացնում եմ նամակս:

Ձեր Վահան

Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարան՝ Վահան Տերյանի ֆոնդ

Տպել Տպել