Մեր երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները:

Նա նշեց, որ մոտ երեք անգամ դիզվառելիքի ակցիզային հարկը նվազեցվել է, 1 տոննայի մասով 35 հազար դրամից մինչեւ 13 հազար դրամ, այն պետք է մոտ 20 դրամի չափով ազդեցություն ունենար գների վրա: Բայց դիզելային վառելիքի վրա նոր հարկատեսակ է ավելացել՝ ԱԱՀ, որը նախկինում չկար: Այս հարկատեսակները համաչա՞փ են, արդյոք, ազդել գների վրա՝ դեռ շարունակում են ուսումնասիրել: Դիզվառելիքը 390 դրամ էր, հունվարի 1-ից դարձել է 440 դրամ, «Ռեգուլյար» բենզինը 420-ից դարձել է 440 դրամ: Բենզինի շուկայում ունենք գերիշխող դիրք ունեցող երկու տնտեսվարող՝ «Ֆլեշը» եւ CPS-ը:

Նա նշեց, որ այդ երկու ընկերությունները մեծ ազդեցություն ունեն շուկայի գնային քաղաքականության վրա: 2017-ի 11 ամիսների ընթացքում բենզինի եւ դիզվառելիքի սպառման աճ ունենք, 9 տոկոսով ավելի շատ է ներկրվել: Սեղմված գազը մեկ խմ 190 դրամ էր, հունվարի 1-ից դարձել է 210 դրամ: Բայց նկատվում է, որ Երեւանում սեղմված գազը գազալցակայաններում 20 դրամով ավելի թանկ է վաճառվում, քան մարզերում՝ մասնավորապես՝ Գեղարքունիքում, Արարատում, Աշտարակում: Այնտեղ բարձրացումից հետո էլ գազի գինը 190-200 դրամ է: Թե ինչու է Երեւանում ավելի թանկ, միակ տարբերությունը տարածքի վարձակալության գումարն է, բայց Երեւանում էլ սպառման ծավալներն են մեծ, հետեւաբար, թե որքանով է արդարացված սեղմված գազի այդ գինը, Պարսյանը նշեց, որ հանձնաժողովը դեռ պետք է պարզի:

Պարսյանը դժգոհեց, որ տարօրինակ կերպով հարկային բեռի ամբողջ ավելացումը փոխանցվեց սպառողների վրա. «Միգուցե առանձին գազալցակայան կամ բենզալցակայան իր շահույթի հաշվին 5-10 դրամ պակաս դնեին, քան մրցակիցը, կարող էր այդպես իր պահանջարկն ավելացներ, բայց ոչ մեկը նման բան չարեց որեւէ մեկը, բոլորը միահամուռ կերպով նույն չափով բարձրացրին: Տեղի չունեցավ այդ մրցակցային երեւույթը»:

Լրագրողները հարցրեցին՝ ձեր կուսակցությունը՝ ՀՅԴ-ն կողմ է քվեարկել հարկային փոփոխություններին, դուք չէի՞ք զգուշացրել ձեր կուսակցությանը, պատգամավորներին, թե ինչ վտանգներ են պարունակում նման փոփոխությունները:

Պարսյանը պատասխանեց, որ իրենց գրասենյակը ստեղծվել է 2017-ի ամռանը. «Շատ կարեւոր է, որ գների բարձրացումը պետք է համահունչ լինի աշխատավարձերի բարձրացմանը: Գնաճն անխուսափելի է, բայց այն կարող է լինել կարգավորվող, որ սոցիալապես խոցելի խմբերի համար մեղմվեն գնաճային ճնշումները»:

Սուրեն Պարսյանն առաջարկում է կառավարությանը կարգավորել բենզինի մեծածախ շուկան:

Նա հիշեցրեց, որ 2012-ին CPS-ը իր վարած քաղաքականության պատճառով տուգանվեց, որովհետեւ մեծածախ գներով մանրածախ վաճառք էր իրականացնում, ինչի հետեւանքով մանր բենզալցակայանները վերացան: Հանձնաժողովը պատժեց ընկերությանը 100 մլն դրամով, բայց մյուս ընկերությունները, որոնք վնաս էին կրել դրանից, որեւէ փոխհատուցում չունեցան, նրանք արդեն անհետացել էին շուկայից: Արդյունքում՝ կենտրոնացավ շուկան երկու գերիշխողների ձեռքում: Ուստի հիմա ՀՅԴ-ականն առաջարկում է, որ բենզինի շուկայում նույն կարգավորումը մտցվի, ինչ «Դեղերի մասին» օրենքով էր առաջարկվում՝ ներմուծողներին արգելվի մանրածախ վաճառք իրականացնել. «Թողնենք, որ այս շուկայում փոքր ու միջին բիզնեսը զարգանա, դրանով հնարավորություն կտանք եկամուտների վերաբաշխում ապահովել: Մեր երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ, այս շեղումը պետք է մեղմել»:

Սուրեն Պարսյանը մտահոգություն հատնեց, որ բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացումը կարող է նպաստել տրանսպորտի սակագների վերանայմանը, ինչը նկատվում է հիմա մարզերում:

Նա ասաց, որ թանկացումների հարցերը դարձնելու են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն խորհրդի քննարկման առարկա:

aravot.am

Տպել Տպել