Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն ունենա նախագահի ընտրությանը

Ամեն ինչ իր ժամանակն ու ընթացքն ունի, առայժմ քննարկումներ չենք անցկացրել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրելո՞ւ է ՀՅԴ-ն, թե՞ ոչ:

Նա նշեց, որ նախագահը պետք է լինի այնպիսի մեկը, որ հասկանա, թե ինչպես պետք է գործի նոր համակարգ: «Նախագահ անունն է պահպանվել միայն, բայց լիազորությունները բոլորովին այլ են, և այլևս նույն լիազորություններով նախագահ չի կարող լինել»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով` սահմանադրական նորմերին և պահանջներին համապատասխան նախագահ պետք է ունենանք: «Պետք է ունենանք այնպիսի նախագահ, ով առնվազն կբավարարի հիմնական պահանջներին առ այն, որ այդ նախագահը պետք է, ըստ էության, դառնա համայն հայության նախագահը, որովհետև մենք ունենք հսկայական Սփյուռք և մտածում ենք, որ նախագահի ընտրության փուլում ներգրավվի նաև Սփյուռքը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` այդ հարցն իրենց օրակարգում է: «Մենք այդ խնդիրը չկարողացանք սահմանադրական փոփոխությունների հետ այս փուլում լիարժեք իրականացնել` ապահովելու համար նաև Սփյուռքի մասնակցությունը նախագահի ընտրությանը, բայց այդ խնդիրը մենք դեռ պահպանում ենք մեր օրակարգում: Ապագայում մենք անպայման առաջարկելու ենք մեխանիզմներ, հնարավոր տարբերակներ, որպեսզի Սսփյուռքն էլ իր մասնակցությունն ունենա»,- ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` նոր նախագահը այդ առումով ևս պետք է նախանձախնդիր լինի, որպեսզի ապահովի հաջորդ նախագահի ընտրության ժամանակ Սփյուռքի մասնակցությունը: «Սա լինելու է մեր հիմնական ակնկալիքը նոր նախագահից: Մնացած հարցերը մենք ընթացքում կլուծենք»,- եզրափակեց նա:

Սոցիալական պետության գլխավոր պահանջներից մեկն էլ այն է, որ սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը: «Սա է նախագահն արտահայտել, և մենք դա լիովին պաշտպանում ենք»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով գնաճի մեղմման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը:

«Հարցն իսկապես օրակարգում է, գնաճի փաստն առկա է: Գնաճը որոշ առումներով օբյեկտիվ պատճառներ ունի, սակայն, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ մենք բյուջեով հատուկ ուղղվածության խնդիրներ չենք նախատեսել, պետք է կառավարությունը միջոցներ գտնի, որի հնարավորությունն ունի, որ գնաճն առավել կարիքավոր խավերի վրա չանդրադառնա: Սա պետք է կարողանան ապահովել կառավարությունը»,- ասաց նա:

Հարցին` ի՞նչ հնարավորություն ունի կառավարությունը, որ այս պահին չի օգտագործում, պատգամավորը պատասխանեց. «Կառավարությունը, բնականաբար, նախատեսել է, որ գնաճի դեմ հիմնական պայքարը պետք է լինի տնտեսության աճը և արագընթաց զարգացումը, որովհետև, ի վերջո, մեկը մյուսով է պայմանավորված»:

Նա ընդգծեց, որ գնաճը չի ազդի այն անձանց վրա, ովքեր որ անհրաժեշտ աշխատանքի դիմաց վարձատրություն ունեն: «Սոցիալապես անապահով խավի համար մենք վաղուց ասել ենք, որ պետք է կենսաապահովման նվազագույն զամբյուղն ապահովել և դա պետք է ապահովի պետութւոնը, որ մարդիկ ի վերջո իրենց նվազագույն անհրաժեշտը կարողանան ձեռք բերել, որ եթե այդ եկամուտը չի ապահովում աշխատավարձով, գոնե պետք է պետական աջակցության տարբեր ծրագրերով իրականացվի: Սա մեր հիմնական պահանջն է, և որպես սոցիալական կուսակցություն, մենք սրա ջատագովն ենք վաղուց եղել: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կառավարությունը այդ ռեսուսրենրը տրամադրի, դա իր պարտավորությունն է և նա դա պարտավոր է կատարել: Մենք էլ մաս լինելով կառավարությանը կանենք ամեն ինչ, որ այդ պարտավորությունը իրացվի»,- ասաց նա:

Իսկ թե պայքարի ինչ լուծումներ են տեսնում, Ռուստամյանը նշեց, որ լուծումները տեսնում են այն ամբողջական բարեփոխումների պրոցեսի մեջ, որը ոչ միայն քաղաքական են, նաև տնտեսական ու սոցիալական խնդիրների հետ են կապված: «Մենք ի վերջո համոզված ենք, որ ծրագիրը, որ կառավարության մեջ լինելով մենք հաստատել ենք ԱԺ-ում մինչև 22 թվականը պետք է իրացվի: Այդ ծրագիրը, եթե իսկապես կյանքի կոչվի, իսկ այսօր որևէ պատճառ չկա կասկածելու, որ ժամկետները, հստակ թիրախները, որոնք մատնանշված են ծրագրի մեջ չեն իրացվի, ես վստահ եմ, որ այդ գործընթացը բերելու է բոլոր այս խնդիրների լուծմանը»,- եզրափակեց նա:

«Ելք»-ի իրավունքն է պայքարի այդ ձևն ընտրելը. ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով «Ելք»-ի` թանկացումների դեմ սպասվող բողոքի ակցիային:

Նա նշեց, որ չի կարծում, թե հանրահավաքներով կարելի է գնաճի դեմ պայքարել: «Պետք են շատ ավելի լուրջ գործիքներ և առաջին հերթին տնտեսական կառավարման ծրագրերի հետ առնչվող գործիքներ, որը նաև քաղաքական կամք և լուծումներ է ենթադրում: Այդ դաշտում է պետք փնտրել դրա դեմն առնելու խնդիրը»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենց նպատակը գնաճից առաջացող դժգոհությունից ներքին ցնցումներ առաջանցելը չէ: «Այդ կերպ, ընդհակառակը, ավելի կարող է այդ հարցը սրել: Մեր խնդիրն այն է, որ հարցը լուծվի, ոչ թե հարցն օգտագործվի: Այդ բողոքները չպետք է օգտագործել, պետք է բողոքների դեմն առնելու կոնկրետ քայլեր կատարվեն»,- նշեց նա:

Միևնույն ժամանակ Ռուստամյանը նշեց, որ «Ելք»-ն ընդդիմադիր կուսակցություն է, բնականաբար, դժգոհությունը, բողոքները պետք է դարձնի քաղաքական օրակարգի հարց: «Սա նորմալ եմ համարում, իշխանության մեջ եղող կառույցներն ու կուսակցություններն այդ ճանապարհով չպետք է գնան, նրանք ունեն լծակներ, ունեն հնարավորություններ, որոնք պետք է իրականացնեն և այդ խնդիրները լուծեն, որ դաշտում դժգոհությունը քչանա: Հիմա եթե կա որոշակի դժգոհություն, դա ընդդիմության գործն է, որ օգտագործի, ես դրան զարմանքով չեմ նայում կամ տարօրինակ չեմ համարում: Դա իշխանություն- ընդդիմություն հարաբերությունների բնականոն գործընթաց է»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ եթե ընդդիմությունն ինչ-որ խնդիրներ կբարձրացնի, հրապարակային կձևակերպի, դա իրենց համար օգտակար կլինի և իրենք էլ իրենց ծրագրերի մեջ նկատի կունենան:

yerkir.am

Տպել Տպել