Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկում եղել է

ՀՅԴ ներկայացուցիչները նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ անձամբ չեն հանդիպել, բայց նրա առաջադրման վերաբերյալ քննարկում ՀՅԴ-ի հետ տեղի է ունեցել. լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Անձամբ նրա հետ կհանդիպենք, մանրամասն կլսենք: Անձամբ հանդիպելը շատ կարևոր է` ընկալելու համար այս նոր փուլում որքանով է համակարգին համապատասխան ծրագրեր փորձելու իրականացնել: Մենք նրան ճանաչում ենք: Կարծում եմ, որ նրա որակներն իսկապես համապատասխանում են այս պաշտոնում առաջադրվելու համար»,- ասաց նա:

Հարցին` հնարավո՞ր է չպաշտպանեն Հանրապետականի ներկայացրած թեկնածուին, եթե առաջադրվելու վերջնական համաձայնությունը տա, Ռուստամյանը պատասխանեց. «Բնական է` վերջնական որոշում կայացնելն այսօր ճիշտ չէ, և այդ գործընթացը բազմակողմանի հանդիպումների արդյունքում պետք է լինի: Մենք ողջունում ենք այն, որ նախատեսված են հանդիպումներ ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև արտախորհրդարանական ուժերի, հասարակական սեկտորի հետ` գիտնականներ, մասնագետներ, նաև Սփյուռքի ներկայացուցիչներ: Վերջնական որոշում մենք էլ պիտի կայացնենք, մենք էլ չունենք այդ վերջնական որոշումը, շատ տրամաբանական է: Կարող է հանդիպումների ընթացքում այնպես ստացվի, որ նա չուզենա լինել. մարդուն առաջարկել ենք, չէ՞, իսկ մենք նրա հետ հանդիպումների արդյունքում կորոշենք»:

Ռուստամյանը նշեց, որ իրենց հետ միայն Արմեն Սարգսյանի անունը չի քննարկվել: «Մենք այլ թեկնածուներ էլ ենք քննարկել, բազմաթիվ անուններ են այս ընթացքում քննարկման առարկա դարձել, բայց ամենանախընտրելին, եղած չափանիշները նկատի ունենալով, այս փուլում ճիշտ էր հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկել: Մենք համաձայնել ենք, որ նա առաջադրվի նախագահի թեկնածու` այս փուլում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջնական որոշում կայացնելուն, Ռուստամյանի խոսքով` իրենց մոտ դա ընթացակարգ է պահանջում: «Ունենք ընթացակարգ. պետք է քննարկվի թե’ Գերագույն մարմնում, թե’ Բյուրոյում, քանի որ նախագահի հարցը համահայկական նշանակություն ունեցող հարց է: Մենք պետք է այդ քայլը կատարենք` համատեղ քննարկում և որոշում կայացնելով: Առայժմ մենք այդ որոշումը չունենք»,- ասաց նա:

yerkir.am

Տպել Տպել