ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության շրջանակում փորձելու ենք մենաշնորհների դեմ պայքարն առաջ տանել

Իշխանությունները ունեն հստակ քաղաքական որոշում, քաղաքական կամք, որպեսզի պայքարեն մենաշնորհների դեմ: Դա ամրագրված է նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին՝ ներկայացնելով «Դիզելային վառելիքի և բենզինի շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ» ուսումնասիրություններն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

«Երեկ տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի լիագումար նիստը, որտեղ ևս մեկ անգամ վերահաստատվեց հակամենաշնորհային քաղաքականության կարևորությունը, և այս կետը մենք շարունակելու ենք դարձնել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության կարևոր կետերից մեկը: Մեր քննարկումների ժամանակ մենք այս կետը առաջ ենք տանելու և փորձելու ենք այս շուկաներում արմատական փոփոխություններ բերել»,- նշեց Պարսյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները և ներկայացված առաջարկները նպատակ ունեն վառելիքի շուկայում հետագա գնաճների կանխելու: Իսկ արդյունքները, ըստ տնտեսագետի՝ բնակիչները կտեսնեն մոտակա ամիսներին:

Սուրեն Պարսյանի տեղեկացմամբ՝ ամբողջական վերլուծության շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն ուսումնասիրել է վառելիքային՝ բենզինի, դիզվառելիքի, սեղմած գազի շուկան և պարզել այդ շուկաներում առկա խորքային հիմնախնդիրները, ինչպես նաև առաջադրել հնարավոր լուծման ուղիները:

«Բենզինի, դիզվառելիքի, սեղմած գազի շուկայում գնագոյացման երևույթները բավականին կրկնվում են, նույն տրամաբանությամբ են տեղի ունենում: Ուսումնասիրությունները փաստեցին, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը համաչափ է ազդել գնագոյացման վրա, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում այս շուկայում տարիներ շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը»,- հայտնեց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ սա կարող է վկայել շուկայում հակամրցակցային համաձայնությունների և շուկայի բաժանման մասին: ՀՅԴ իրականացրած վերլուծությունն արդեն ներկայացվել է ԱԺ լսումների ժամանակ և նաև փոխանցվել է ՏՄՊՊՀ:

«Շուկայում բացահայտված խորքային հիմնախնդիրներից առաջինն այն է, որ համակենտրոնացման բարձր մակարդակ ունեցող ապրանքային շուկաներում տնտեսական քաղաքականությունը չպետք է սահմանափակվի հարկային և մաքսային վարչարարությամբ պարզեցմամբ կամ բարելավմամբ: Այստեղ պետությունը պետք է ուշադրություն դարձնի նաև մանրածախ շուկայի վրա, այսինքն, տնտեսական քաղաքականությունն ուղղի մանրածախ շուկայում մրցակցային միջավայր ապահովելու համար: Քանի որ վառելիքային շուկայի դեպքում ներկրողները նաև հանդիսանում են մանրածախ վաճառողներ, ինչը անհավասար պայմանների դեպքում անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում փոքրերի համար»,- ասաց նա։

Երկրորդ խնդիրը, Պարսյանի խոսքով՝ ՀԴՄ կանոնների խախտման ռիսկերն են, որը մեծացնում է շուկայում ստվերի առկայության ռիսկերը: Ըստ նրա՝ բենզալցակայանների դեպքում պետք է խստացնել հարկային վարչարարությունը:

Տնտեսագետը նշում է, որ կախված միջազգային շուկայի իրավիճակից, ակցիզային հարկով պայմանավորված գների փոփոխությունից, օբյեկտիվորեն հնարավոր է գնային ճնշումներ, սակայն Հայաստանի վառելիքային շուկայի դեպքում այդ ճնշումները կլանող, զսպող տնտեսական բարձիկները բացակայում են, ինչը առկա ծխախոտի և ալկոհոլի շուկայում: Այս ապրանքների նկատմամբ ակցիզային հարկերը ևս բարձրացել են, սակայն բնակչությունը դա չզգաց, քանի որ արտադրողները այդ բեռի մեծ մասը վերցրեցին իրենց վրա:

«Մենք առաջարկել ենք ուղիները, որը հնարավորություն կտա իրավիճակը արմատապես շտկելու: Եթե կոնկրետ քայլեր չկատարվեն և տնտեսական ու հակամենաշնորհային քաղաքականությունը մնա նույնը, մենք կունենանք հասարակական անվստահություն և եկամուտների անարդարացի բաժանում»,- ընդգծեց նա:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի առաջարկներից մեկը վերաբերում է միջազգային հայտնի կորպորացիաների մուտքը Հայաստանի շուկա ապահովելուն:

«Մասնավորապես, հարևան Վրաստանում գործում են խոշոր միջազգային կորպորացիաներ՝ «Բրիթիշ պետրոլը», «Լուկօիլը» և այլ ընկերություններ, որոնք ստեղծում են մրցակցային միջավայր: Պետք է խրախուսել, որպեսզի նրանց ներկայացուցիչները Հայաստանում լինեն»,- ասաց Սուրեն Պարսյան:

Տպել Տպել