Մակրոնը հստակ պատկերացնում է՝ Արցախը հայ ժողովրդին է պատկանում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ հունվարի 30-ին իր համանախագահությամբ գործող խորհրդի կազմակերպած ընթրիքին Մակրոնի պատասխանն իր հրավերքին՝ միասին գնալ Արցախ, հստակ էր:

«Նա պատասխանեց՝ չի կարող գալ հիմա, որովհետև Ֆրանսիան համանախագահ է, դա կնշանակի, որ արժեք չունի Ֆրանսիայի խոսքը, բայց երբ որ խնդիրը լուծվի, ինձ հետ կգա, նշանակում է՝ հայկական Արցախ է գալու: Նա Արցախը միայն հայկական է պատկերացնում: Սա կարևոր է, և Ադրբեջանն իմացավ այդ մասին»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքին։ Մակրոնը միջոցառմանը ներկայացել էր Անմոռուկով ու ծավալուն ելույթ ունեցել: Նա նշել էր, որ Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը կներառվի Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում:

Նաև խոսել էր Ղարաբաղյան հիմնախնդրից և պատասխանելով Մուրադ Փափազյանի հրավերքին՝ միասին գնալ Արցախ, ասել էր․«Ես ձեզ չեմ ուղեկցի Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում, քանի որ Ֆրանսիան կկորցնի իր դերն այս հակամարտությունում և չի կարողանա միջնորդ և լսելի լինել երկու կողմերի համար: Հուսով եմ՝ կգամ ձեզ հետ մի օր, երբ ամեն ինչ կարգավորված կլինի»:

Դիտարկմանը, թե Էմանուել Մակրոնն ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, այնպես էլ հայ համայնքի ընթրիքին խոսել է հիմնախնդրի կարգավորումը փոխզիջումային տարբերակով լուծելու անհրաժեշտության մասին, Մուրադ Փափազյանը պատասխանեց․ «Կամ բանակցություններ կան կամ չկան, կամ միայն պատերազմով պետք է լուծվի հարցը, և մեկը պիտի հաղթի, մյուսը պարտվի, կամ՝ փոխզիջումով․․․ 24 տարի է, որ այս բանակցային գործընթացը կա, և հստակ է, որ պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը չեն պատկերացնում, որ հիմնախնդիրն առանց փոխզիջման կլուծվի»,- ասաց նա:

Ըստ Մուրադ Փափազյանի՝ Էմանուել Մակրոնը շարունակում է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ իր նախորդների քաղաքականությունը:

«Ես համոզված եմ, որ Մակրոնը կկարողանա այդ գիծը պահպանել, և կարող է նաև այլ առաջարկ անել: Դրա մասին դեռ վաղ է խոսել: Բայց նա հստակորեն, ինչպես Ֆրանսուա Օլանդը, պատկերացնում է՝ Արցախը Հայաստանին, հայ ժողովրդին է պատկանում: Նա ձև է փնտրում, որ իրականանա այս տարբերակը»,- նշեց նա:

Ֆրանսիայի նախագահի՝ հայ համայնքի կազմակերպած ընթրիքին հնչեցրած մտքերի մասին Մուրադ Փափազյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տպել Տպել