Առաջիկայում փաստաբանները կաշխատեն կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Ֆրանսիայում

Ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ, քննարկումներ. Հայաստանի առաջին Հանրապետության անկախության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ միջոցառումներն ընդգրկելու են Ֆրանսիայի տարբեր քաղաքները:

«Այս տարին նշանակալի է Հայաստանի համար, երկու կարևոր իրադարձությունների 100-ամյակն է: Շատ լավ առիթ է տեղեկատվական աշխատանք տանելու, որ միջազգային հանրությունն իրազեկ լինի մեր պատմության այդ կարևոր էջերի մասին, թե ինչպես հայ ժողովուրդը 1915 թվականի ցեղասպանությունից հետո կարողացավ 1918 թվականին ստեղծել պետականություն: Ես վստահ եմ, որ այդ տարիների մեր պատմության էջերի մասին Հայաստանում էլ շատ քաղաքացիներ անտեղյակ կլինեն, հետևաբար լավ առիթ է այն ներկայացնելու»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նա տեղեկացրեց, որ ակտիվ մասնակցելու են նաև նշված առիթներով Հայաստանում սպասվող միջոցառումներին: Մայիսի վերջին այդ առիթով Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բավական ներկայացուցչական պատվիրակություն` ԱԳ նախարարի գլխավորությամբ:

Առաջիկայում փաստաբանները կսկսեն աշխատել`Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտում քրեականացնելու հարցը կրկին օրակարգ բերելու համար, նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Մեր փաստաբանները դեռ չեն սկսել աշխատանքը կառավարության փաստաբանների հետ: Ինչպես գիտեք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Մակրոնը կողմ արտահայտվեց, որ այս գործընթացին նոր ընթացք տրվի: Նախագահը նաև իր համաձայնությունը տվեց, որ ապրիլի 24-ն օրացույցում ամրագրվի որպես Հայոց ցեղասպանության օր: Մենք պետք է կրկին գնանք այս պայքարին, բայց արդեն պետք է այլ անկյուն գտնենք»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանի խոսքով, քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների զգալի մասը փոխվել է, հետևաբար ենթադրվում է ակտիվ աշխատանք խորհրդարանականների հետ: Նա տեղեկացրեց, որ հայ համայնքն արդեն սկսել է կապեր հաստատել նրանց հետ:

Տարվա ընթացքում մեկ այլ կարևոր իրադարձություն է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը, որին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահը:

«Մենք իբրև Սփյուռք, իբրև ֆրանսահայություն, պետք է մեր դերակատարությունն ունենանք: Կարծում եմ, որ այդ միջոցառմանը նաև քաղաքական բնույթ տալ, օգտագործել այդ առիթը և նոր դաշնակիցներ ունենալ: Հիշեցնենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն մասնակցում»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Տպել Տպել